Բաժիններ՝

Արցախում նահատակված հայր և որդի Կարապետյաններին Եռաբլուրում վերջին հրաժեշտը տվեցին

«Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում նահատակվել են հայր և որդի Էդիկ և Արմեն Կարապետյանները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրանց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

«Արմենը ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան, տան փոքրն էր, իրենից մեծ 2 քույր ունի: Հայրենասեր երիտասարդ էր, նախաձեռնող, համայնքում շատ ակտիվ, ընկերասեր, մանկուց դաստիարակվել էր հայրենասիրությամբ ու հայրենիքի նկատմամբ մեծ նվիրվածությամբ, հոր օրինակին հետևելով: Հայրն էլ՝ Կարապետյան Էդիկը, 56 տարեկան էր, արցախյան գոյամարտի մասնակից է եղել 1992-1994 թվականներին, «Շուն Էդո» մարտական անունն է ունեցել: Պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել, գնացել է մասնակցել կռվին: Տղայի մոտ չէր գնացել, ուրիշ կետում է կռվել»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալը:

Նրա խոսքով՝ սկզբում տղան՝ Արմենն է զոհվել, հետո հայրը՝ Էդիկը:

«Էդիկը տեղյակ չի եղել, որ որդին զոհվել է, տարբեր ճակատներում են կռվել: Արմենը վերջին անգամ, երբ տնեցիների հետ խոսել է, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, պայքարում ենք: Հայր և որդի գիտակցված մահվան են գնացել: Շատ սոսկալի ցավ է բոլորիս համար, մի տնից՝ 2 հոգի: Այսօր հուղարկավորությունը եղավ, Եռաբլուրում հայր ու որդի կողք կողքի թաղվեցին»:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հոկտեմբերի 5-ին հրապարակեց ևս 21 նահատակված զինծառայողների անունները, որոնց թվում էր նաև 19-ամյա Արմեն Էդիկի Կարապետյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս