Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրադրությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները քննարկել են Հայաստանում և Բելառուսում ներկա իրավիճակին առնչվող հարցեր։

Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ:

Արմեն Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին շրջանառվող այն լուրերին՝ թե Բելառուսը վերջերս ռազմական նշանակության բեռ է մատակարարել Ադրբեջանին։ Նախագահ Լուկաշենկոն, այդ տեղեկատվությունը կեղծ բնութագրելով, հստակ ընդգծել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից՝ ռազմաարդյունական համալիրի գծով, ո՜չ Ադրբեջանին, և ո՜չ էլ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։

Տեսանյութեր

Լրահոս