«Արմնյուզն» Արցախից ներկայացնում էր սիրիացի վարձկանների ձայնագրությունները. ուղիղ հեռարձակումն ընդհատվեց Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով
Ստեփանակերտում օդային տագնապ է: Ինչպես հայտնեց Արցախի ՄԻՊ-ը, թշնամին ծանր հրթիռով հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:
Այդ ընթացքում Արցախից ուղիղ հեռարձակմամբ եթերում էր «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրերը՝ Աբրահամ Գասպարյանի հետ»: Գրում է Tert.am-ը:
Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց սիրիացի վարձկանների հեռախոսազրույց, որոնք փորձել են մտնել Արցախի տարածք:
«Երեք վարձկանի հեռախոսային զրույց եմ ներկայացնում՝ սահմանից: Զրույցն արաբերեն է, ես կթարգմանեմ»,- ասաց նա։
Աբրահամ Գասպարյանն ասաց, որ առաջին ձայնագրությունում վարձկանը ղեկավարին ասում է՝ հանուն Աստծո, քեզ խնդրում եմ չգաս.«Այն բոլոր երիտասարդները, որոնք այստեղ են, ես նրանց ո՛չ ճանաչում եմ, ո՛չ նրանց անունը գիտեմ, բայց հանուն Աստծո, չգաք այստեղ: Այն ամենը, ինչ մատուցվում է, ամբողջությամբ սուտ է: Ով մորթվել է, ով մահացել է, մարդիկ կան, որ դեռ փլատակների տակ են, որոնց մարմիները չենք կարող հանել: Արդեն ունենք 30-35 կորած, որոնց մասին տեղեկություն չունենք, 35 հոգի սպանվել է, 70-ից ավելի վիրավոր ունենք: Այստեղ խաղ չկա, այստեղ խնդիրը մահն է, խնդրում ենք, ոչ ոքի չթողնես, որ գա այստեղ, որովհետև սա կատակ չէ»:
Նույն ձայնագրության մյուս հատվածում վարձկանն ասել էր, որ վարձկանների վերջին խումբը, որ ժամանել է Ադրբեջան, 100 հոգի է, ոչ ոքի չեն թողնում մասնակցել պատերազմի: Երկրորդ ձայնագրությամբ վարձկանը ողջունում է իր ղեկավարին և խնդրում նրան, որպեսզի ոչ ոքի չթողնի գալ Ադրբեջան՝ այստեղ ամեն ինչ անկազմակերպ է, լուրջ պատերազմ է, երդվում եմ, այստեղ օրական 40-50 մարդ է սպանվում, երդվում եմ, ամեն օր 40-50 վիրավոր ունենք, որևէ ադրբեջանցի չի մասնակցում պատերազմին:
Այդ ընթացքում հերթական պայթյունը հնչեց եթերում, ինչից հետո Աբրահամ Գասպարյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ մեր՝ հայկական կողմի հակաօդային պաշտպանությունն էր, միացավ նաև օդային տագնապը, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը փորձում է որոշակի գործողություններ իրականացնել: Ուղիղ հեռարձակումն ընդատհվեց որոշ ժամանակով։
Մանրամասները՝ տեսանյութում: