Բաժիններ՝

«Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն խաղաղության համար». Արցախի թեմի առաջնորդ

«Արցախի խնդիրը մարդու տարրական իրավունքների խնդիր է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այստեղ ո՛չ տնտեսական հարց է, ո՛չ կրոնական, ո՛չ հողային, տարրական մարդու իրավունքների հարց է: Մենք միշտ օրհնել ենք մեր ժողովրդին և մեր հայրենիքի պաշտպաններին, որոնք մեր խաղաղության, անվտանգության երաշխավորն են, թող այսօր էլ Աստված օրհնի և՛ մեր ժողովրդին, և՛ մեր զինվորներին, բոլորին էլ ողջ- առողջ վերադարձնի իրենց դիրքերը, իրենց տները»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա վստահեցրեց, որ Արցախի դեմ պատերազմ  սանձազերծել է ոչ թե ադրբեջանցի ժողովուրդը, այլ նրանց քաղաքական վերնախավը:

«Ադրբեջանի քաղաքական վերնախավը նենգաբար խախտեց զինադադարը և հրահրեց պատերազմ: Լավ, չի մտածում Իլհամ Ալիևը մեր երիտասարդների մասին, բայց նա նաև չի մտածում Ադրբեջանի երիտասարդների մասին, որոնք իրենց հերթին՝ կորուստներ են տալիս: Ես արդեն 30 տարուց ավելի ասում եմ, որ ուշ թե շուտ պատերազմներն ավարտվում են, հավերժ պատերազմ չկա, մի օր խաղաղությունը պիտի գա, և Աստված տա, որ այդ խաղաղությունը մի օր շուտ գա և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի համար: Պետք է մի իմաստուն որոշում գտնել և խաղաղ կերպով լուծել այս հարցը: Մենք աղոթող ենք հենց այդ խաղաղության համար»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասաց, որ այժմ մենք պետք է ազգովի միաբան լինենք, սատարենք մեր բանակին:

«Մենք լրջությամբ պետք է մոտենանք այս հարցին, անվախորեն, ամեն մեկս հանգիստ, իմաստուն ձևով մեր ծառայությունը մատուցի: Առաջին անգամ չէ այս պատերազմը, սա էլ կանցնի, այս մարտահրավերն էլ մենք կհաղթահարենք միասին: Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն բոլորը, խաղաղության համար աղոթք անեն: Բոլոր եկեղեցիներում հոգևորականներին հորդորել ենք բոլոր ժամերգությունները կատարել, նույնիսկ, եթե ազատ ժամանակ կա, Սաղմոսներ կարդան, խնդրեն Աստծուն մեր խաղաղության համար: Փորձությունը մարդու համար է, ազգի, ժողովրդի համար է, որն էլ մենք պարտավոր ենք ասպետավարի հաղթահարել, որպեսզի դուրս գանք ավելի իմաստուն, ավելի խիզախ, և ավելի բարձր մակարդակի բարձրանանք»,- ասաց  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ զրուցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ով պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս