Բաժիններ՝

«Հասմիկին պատերազմի հենց առաջին պահին են խփել». ազգական

«Հասմիկը 2014-ին մտել էր մեր մոտ՝ տանկըվի պոլկ, որպես ռազմական աշխատող՝ շտաբում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանի հորաքրոջ որդին՝ Արարատ Բլբուլյանը:

«Դրանից հետո պոլկը տեղափոխվեց, Հասմիկն էլ իր երեխու հետ գնաց այնտեղ աշխատելու: Աղջիկը 13 տարեկան է: Վերջին օրերին զորավարժությունների է մասնակցել և այս պատերազմի հենց առաջին պահին իրեն խփել են»,- ասաց Արարատ Բլբուլյանը:

Նրա խոսքով՝ Հասմիկը շատ էր սիրում ռազմական ոլորտը, և այնպես ստացվեց, որ հենց պատերազմի դաշտում էլ զոհվեց, իսկ երեխայի մասին հարազատներով հոգ են տանում.

«Ինքը պատվոգրեր ուներ, շատ լուրջ երեխա էր, մենք իր մասին, բացի գովասանքից, ուրիշ բան չենք լսել: Երեխան էլ տեղյակ է դեպքից, ինքը գիտի, որ իր մաման չկա… Հարազատներով երեխու կողքին կանգնած ենք, պիտի մխիթարենք, որ վատ չտանի, պատերազմի հետևանքները դա է, մենք այդպես էլ բացատրում ենք: Հասմիկի դին արդեն բերել են հայրական տուն, վաղը հուղարկավորությունն է»:

Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը երեկ հրապարակել էր նահատակված 16 զինծառայողների ցանկը, որոնց թվում էր նաև կրտսեր Սերժանտ Հասմիկ Արզումանյանը: Այսօր առավոտյան հրապարակվեցին ևս 15 զոհերի անունները, իսկ ավելի ուշ՝ ևս 27 նահատակվածների անունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս