«Թուրքիան հիմք է ստեղծում Հայաստան ներխուժելու համար». Ռուբեն Մելքոնյան
Թուրքիան փորձում է ներգրավվել Արցախյան հակամարտության կոնֆլիկտում, և դրա հերթական ապացույցը սեպտեմբերի 27-ից մեկնարկած արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակողական գործողություններն են, որոնց Թուրքիան աջակցում է՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ ռազմական դաշտում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով.
«Թուրքիան Ադրբեջանին բացահայտ ցույց է տալիս զինտեխնիկական աջակցություն, սրանից բացի, թուրքական բանակում ձևավորվել են ահաբեկչական խմբեր, որոնք տարբեր նպատակահարմարությամբ պատերազմում են տարբեր վայրերում՝ Սիրիայում, Լիբիայում, և հիմա, ըստ որոշ լուրերի, այդ ահաբեկիչների մի մասը տեղափոխվել է Արցախի սահման, այնպես որ, սա նաև հակաահաբեկչական պատերազմ է ահաբեկչական մտածելակերպ ունեցող և նման խմբավորում ունեցող բանակի դեմ»։
Ըստ նրա՝ հայկական դիվանագիտությունը պետք է տարբեր հարթակներում բարձրաձայնի, որ Թուրքիան ընդդեմ հայերի օգտագործում է ահաբեկիչների, իսկ դրա փաստերը բազմաթիվ են։
«Այս հարցը մենք պետք է բարձրացնենք, որովհետև մենք տեսնում ենք, որ Թուրքիան է նախահարձակ է լինում, տարածում է լուրեր, թե իբր հայերն օգտագործում են ահաբեկիչների Արցախի սահմանին, թե իբր այստեղ կան քրդական բանվորական կուսակցության անդամներ, սա արվում է նրա համար, որ տարածեն լուրեր, թե Հայաստանը սատարում է ահաբեկիչներին, բացի այդ, ուզում են ասեն, որ Հայաստանում և Արցախում ահաբեկչական ճամբարներ կան, և դա օգտագործեն։ Թուրքիան ստեղծում է հիմք Հայաստան ներխուժելու համար, թե իբր պայքարում է նման խմբավորումների դեմ։ Սա Թուրքիայի ծեծված քաղաքականությունն է»,- ասաց Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում