«19-ամյա Էրիկը մինչև վերջ պայքարել է ու նահատակվել». համայնքի ղեկավարի տեղակալ

«Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում երեկ նահատակված 19-ամյա Էրիկը տան կրտսեր որդին էր, ունի իրենից մեծ եղբայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհված Էրիկի համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

«Մոտ 1 տարի կլիներ, որ զորակոչվել էր բանակ: Ապրում էր ծնողների ու իրենից մեծ եղբոր  հետ: Հայրն էլ է զինվորական, հենց այդ պահին ծառայության մեջ է եղել: Այս պահին այնքան դժվար է Էրիկի մասին խոսել, որ ինքն արդեն գոյություն չունի, Էրիկը ֆիզիկապես գոյություն չունի, բայց նա մեզ հետ է: Միայն դրականը կարող եմ ասել՝ իր քաջությունը, ընկերասիրությունը, մարդ տեսակը, հայրենասիրությունը, շատ դժվար է բառեր փնտրել»,- ասաց Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ Էրիկը միշտ ձգտել է, որպեսզի բանակում արժանանա պատվոգրերի, շքանշանների: Ճիշտ չէր բարձրաձայնել, որ ուզում է հոր պես զինվորական դառնալ, բայց իր քայլերը դրան էին տանում.

«Այդ մասին չէր ասում, բայց այդ ճանապարհով էր գնում, որովհետև շատ սիրում էր այդ գործը ու ամեն ինչ անում էր… Առաջինն էր ուզում մեկնել ծառայության, ընկերների շրջապատում էլ օրինակելի էր: Էրիկը մինչև վերջ պայքարել է ու նահատակվել է»:

Տեսանյութեր

Լրահոս