«Բացահայտ քաղաքական հետապնդում է գնում անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով». Գևորգ Պետրոսյան
«Ինձ որևէ գործողություն հայտնի չէ, որևէ քայլ դեռ իմ հանդեպ չի արվել, բայց ոչինչ չի բացառվում, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ իր նկատմամբ ևս կարող են քրեական գործ հարուցել:
Անդրադառնալով ընտրակաշառք տալու մեջ իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ նա ասաց․
«Այդ էր մնում պակաս՝ ես ընտրակաշառք տայի, որ ընտրվեի պատգամավոր: Դա խելագարության կանխավարկածից է: Ոչ մի ընտրակաշառք, իբր Գագիկ Ծառուկյանը տվել է, որ ես էլ տայի՞: Որևէ ապացույց չկա Ծառուկյանի մասնակցությամբ այն դեպքերին, որ վերագրում են այսօր որոշ մարդկանց, բացի այդ, այսօրվա կալանքը, եթե տրվեց, դա քաղաքական հետապնդում է, ինչո՞ւ, ոչ թե, որ Ծառուկյանն իմ ղեկավարն է, իմ ավագ ընկերն է, օբյեկտիվորեն, զուտ որպես իրավաբան եմ ասում: Իրեն մեղսագրվող արարքը՝ հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող արարք է, որի համար օրենսդիրը նախատեսել է որպես սանկցիա նաև տուգանքը, և դատական պրակտիկան ընթանում է այն հունով, այդ մասին ասել է, ի դեպ, նաև Գլխավոր դատախազը, որ կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց, մինչդեռ այս դեպքում ընդհանրապես դրա հիմքերը չկան: Հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող արարք, այն էլ՝ դեռ հարց է, անմեղության կանխավարկածը մենք պետք է պահենք, արդյո՞ք այդ մարդը կատարել է, թե՞ ոչ, մի հատ էլ միանգամից կալանք եք տալիս:
Քրեական հետապնդումը հարուցվել է հուլիս ամսից, առ այսօր Ծառուկյանը որևէ քայլ չի արել, որը նշանակեր, որ ինքը խուսափում է քննությունից, որևէ մեկը չի կարող ապացույց ներկայացնել, որ Գագիկ Ծառուկյանը ներգործել է վկաների վրա, որպեսզի նրանք այս կամ այն ցուցմունքը տան կամ չտան: Այստեղ բացահայտ քաղաքական հետապնդում է գնում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որովհետև Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճելի չեղավ, որ Ծառուկյանն ասաց, որ այս կառավարությունն ապիկար է և պետք է հրաժարական տա: Եթե Նիկոլ Փաշինյանը մի քիչ հայրենասիրության պաշար ունենար ու այդքան էլ խելք, կասեր՝ պարոն Ծառուկյան, եկեք համագործակցենք, մեր ուժերը մեկտեղենք, օգտագործենք նաև ձեր հեղինակությունը միջազգային ասպարեզներում, այս սոված ժողովրդին խելքի բերենք, փրկենք նրանց կյանքը, երկիրը փրկենք: Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ համագործակցում են, ուզում են Հայաստանին հարվածեն, Նիկոլ Փաշինյանը գնում՝ ձի է քշում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի գնում Ազգային ժողով, Պետրոսյանն էլ պատասխանեց, որ առողջական խնդիրներ ունի, ու ևս մեկ պատճառ.
«Խորհրդարանում աշխատանքային մթնոլորտ չկա, որովհետև ընդդիմության ցանկացած նախաձեռնություն տապալվում է հենց միայն նրա համար, որ դա ընդդիմությունն է ներկայացրել: Եթե իմ քաղաքական ղեկավարի նկատմամբ հարգանքը չլիներ, հավանաբար իմ նախաձեռնությամբ մանդատը վայր դրած կլինեի»:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին ներկա է նաև Գագիկ Ծառուկյանը: