«Եթե ռուսները ծրագիր ունեն Քոչարյանին բերել, ուրեմն պիտի Ծառուկյանին փակեն». Շանթ Հարությունյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» կուսակցությունները հանրահավաք են հրավիրել: Շատերը Ծառուկյանին կալանավորելու գործընթացի արագացումը  պայմանավորում են սպասվելիք հանրահավաքով, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այլ տեսակետ ունի:

«Ծառուկյանը հրապարակային երդում է տվել, դաժե քֆուր դրեց, ես բերդում էի՝ լսեցի, 2018-ի հոկտեմբերի 2-ին, ասեց՝ եթե ես Քոչարյանի վերադարձին օգնեմ, ամոթ ինձ, համարյա քֆուրով: Հիմա, եթե ռուսները ծրագիր ունեն, որ պետք է Նիկոլին հեռացնեն, Քոչարյանին բերեն, պիտի Ծառուկյանին փակեն, որ իր թիմը դառնա Քոչարյանի թիմը, նա ունենա ընդդիմադիր ամենաուժեղ ֆրակցիան, երկրորդ քաղաքական ուժը: Ծառուկյանի համար, կարող է՝ դժվար է հրապարակային «քֆուր ուտելուց» հետո գնա-միանա Քոչարյանին, դրա համար իրան կարան փակեն, իսկ իրա թիմն ունենում ա «ապռավդանի»: Ասում է՝ մենք մեր լիդերին ազատելու համար պատրաստ ենք բոլորի հետ էլ համագործակցել, ովքեր պատրաստ են Նիկոլին տապալեն, մեր լիդերին ազատեն»,- ասաց Հարությունյանը:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահի խոսքով՝ այժմ գործում է «Կոնսենսուս-1»-ը, սակայն այդքանից առաջ չի գնում այդ ծրագիրը: Հարությունյանը պնդում է՝ Ռուսաստանի համար հատուկ ծրագրային փուլ կա:

«Երբ որ Ղարաբաղի հարցում փորձեն զիջումներ իրականացնել, «սպիսատ» անեն Նիկոլի վրա, կտեսնեք՝ ոնց են բոլորը միանգամից համախմբվում Քոչարյանի շուրջ»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը չի՞ պայքարում զիջումների դեմ,  Շ. Հարությունյանն արձագանքեց, որ նա էլ անում է այն, ինչ իր նախորդները:

«Նիկոլն ուզում է ադրբեջանցիներին խաբի: Գլխավոր խնդիրը Ղարաբաղի խնդրի լուծումը ձգձգելն են համարում՝ առանց հասկանալու, որ գլխավոր խնդիրը մեր պետության հզորացումը պիտի լինի»:

Անդրադառնալով Նախիջևանում թուրքական կողմի ակտիվացմանը և հայտարարությունների մակարդակով Հայաստանին «կրակի հետ խաղալու» մեջ մեղադրելուն՝ Հարությունյանն ասաց, որ Ռուսաստանը շատ հարցերում արդեն հաշվի է նստում Թուրքիայի հետ, քանի որ վերջինը հզորանում է:

«Էրդողանն ու Պուտինը պայմանավորվածություններ ունենում են տարբեր տարածքներում, կոնֆլիկտային իրավիճակներով, բախումներով նստում են բանակցությունների, լինի դա Սիրիայում, Լիբիայում, Կովկասում: Ռուսաստանն էլ առաջվա հզորությունը չունի, որ մարշալ Շապոշնիկովի պես գա, հայտարարություններ անի, երրորդ համաշխարհայինով սպառնա, օր օրի թուլացել է ու ավելի շատ է հաշվի նստում Թուրքիայի հետ»,- ասաց Հարությունյանը:

Նրա պնդմամբ՝ Նախիջևանը միշտ էլ ավելի հեշտ է եղել ազատագրելը, սակայն Լենին-Քեմալ պայմանագրի պատճառով ռուսները դա թույլ չեն տվել:

Տեսանյութեր

Լրահոս