«Վերադարձա Հայաստան, իմացա՝ թաղված եմ Ակնաշեն գյուղում, գերեզմանն էլ չկա». Արմավիրի մարզի բնակիչ

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի բնակիչ Բաղդասար Հակոբյանը՝ ասելով, որ տարիներ առաջ վերադարձել է Հայաստան և պարզել, որ իրեն մահացած են ճանաչել՝ մահվան վկայական ունի:

«Խնդիրն այն է, որ 15 օրվա ընթացքում ինձ մահացրել են, իմ սեփական տները, տնամերձ հողամասը տարել են, և դիմող-ստացողը իմ հարևան Սամսոն Հակոբյանն է: Արդեն 8 տարի է՝ իմ սեփականությունը չեն վերադարձնում, որը օրենքով պետք է  վերադարձնեն, միայն ինձ հարց են տալիս, թե՝ որտե՞ղ եք այսքան ժամանակ եղել: Որտեղ ուղարկել եք, այնտեղ էլ եղել եմ՝ գերեզմաններն եմ եղել: Հիմա եկել եմ, իմ սեփականությունը հետ վերադարձրեք»,- ասաց քաղաքացին:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պարզել, որ իրեն մահացած են ճանաչել, և ինչպե՞ս են կարողացել իր տունը ձեռքից տանել, ինչպես ինքն է ներկայացնում:

«Ես դրսում էի ընտանիքիս հետ, 2008 թվականին վերադարձա Հայաստան, քանի որ անձնագիրս չկար, կորցրել էի: Դիմեցի գյուղապետարան, գյուղապետարանն ինձ ասաց, որ՝ դու մահացած ես, ոչ մի տեղեկանք չեմ կարող տալ: Ես իմացա, որ իրոք մահացած եմ, ու սկսեցի գործողությունները: Դիմեցի դատարան, ամեն տեղ, անգամ քրեական գործ հարուցվեց, մարդ դատեցին, թե ինչի՞ համար հարուցեցին այդ գործը, ինչի՞ դատեցին, եթե տուժող չկա, վնասվող չկա, չէ՞ որ ես եմ տուժել, դատարանով հաստատված է, որ իմ ընտանիքի հանդեպ կատարված է հանցագործություն: Հանուն հեղափոխության ես դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որ զբաղվեն այդ գործով, ընթացք տան և իմ իրավունքները վերականգնեն»,- ասաց Ակնաշենի բնակիչը:

Նրա խոսքով՝ բոլոր թղթերն ունի, որ ապացուցում են, որ փաստաթղթեր են կեղծվել, այդ թվում՝ իր և մոր անձնագրի տվյալները: Ասում է՝ կեղծ փաստաթղթեր են սարքել, թե իբր մայրը ստորագրել և վաճառել է տունը, սակայն նա բացառում է այդ տարբերակը.

«Այստեղ հարազատներ ունեմ, բայց նրանք չեն իմացել, որ իմ վրա մահվան վկայական կա: Մայրս նույնպես տանը նստած՝ չի իմացել, որ 2004 թվականի ապրիլի 17-ին ես մահացել եմ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում: Ի՞նչ պաշտոնական փաստաթուղթ է հաստատել, որ ես իրոք այնտեղ եմ մահացել, միգուցե ես ուրիշ տեղ եմ մահացել: 2004 թվականի ապրիլի 17-ին Ակնաշեն գյուղում ես թաղված եմ, և գերեզմանն էլ չկա: Կեղծ պաշտոնական փաստաթղթերի հիման վրա, որը գտնվում է գործի մեջ, իբր թե իմ հարևանը 6500 դոլար տվել է իմ 75 տարեկան կույր մայրիկին,  միակ բնակարանն էր, որտեղ ինքն ապրում էր… Ոչ մի մայր չի՛ կարող իր որդուն մահացնի 6500 դոլարով ու գնա փողոցում մահանա ու չիմանա, թե որտեղ է  իր տղան մահացած: Իմ մահվան վկայականի մեջ, իմ գործերի մեջ գրված է, որ ես ծնվել եմ 15.01.1957 թվականին, բայց ես օֆիցիալնի ծնվել եմ և ունեմ ծննդյան վկայական, որ ծնվել եմ 29.01.1957 թվականին, իսկ իմ մայրիկի անձնագրում ծննդյան օրն ու ամիսը չկա, միայն գրված է, թե երբ է ծնվել, մնացածը չորս 0՝ 00.00.1930 թիվ: Խի այդ պասպորտ սեղանը չի՞ իմանում՝ այդ կինը ե՞րբ է ծնվել, ո՞ր օրն է ծնվել, ո՞ր ամսին է ծնվել, խի՞ են գրել՝ 00.00.1930 ու հաստատել նատարիուսի կնիքով, մինչև հիմա այդ հարցին չեն պատասխանում»:

Քաղաքացու խոսքով՝ չնայած նրան, որ նոր իշխանություններին ևս բազմիցս դիմել է, սակայն դրական տեղաշարժ չկա գործից, այսօր նամակ է հանձնել վարչապետի անունով և կսպասի նրա պատասխանին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս