«Ոնց որ պայքարում էին հանուն Նիկոլի, թող հիմա Նիկոլին քշեն, ես խոստանում եմ, իրենց կճանապարհեմ ՌԴ, հատուկ ինքնաթիռով, իմ հաշվին». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով հոկտեմբերի 8-ին ՀՅԴ-«Բարգավաճ Հայաստան»-«Հայրենիք» կուսակցությունների հրավիրած միացյալ հանրահավաքին՝ նշեց, որ, թեև այդ քաղաքական ուժերի որոշ դիրքորոշումների հետ կապված վերապահումներ ունի, սակայն հանրահավաքին իր կուսակցության հետ մասնակցելու է: Ըստ նրա՝  Ծառուկյանը պետք է կոչ անի, որ անկախ նրանից, իրեն կկալանավորե՞ն, թե՞ ոչ, հանրահավաքը կայանա:

Գ. Իսագուլյանի կարծիքով՝ հիմա ոչինչ չի խանգարում, որ ընդդիմությունը միավորվի:

«Ամբիցիաներ էլ չկան, ուղղակի պահի ոչ ճիշտ գիտակցումն է: Չեն ուզում ընդունել, որ հասարակության ճնշող մեծամասնությունը Նիկոլի նկատմամբ արդեն ունի բացասական դիրքորոշում: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդը ժամանակին սխալն արել են, հիմա փոխանակ խոստովանեն, որ սխալվել են, ձայն են տվել Փաշինյանին, բերել են իշխանության, ասում են՝ ուղղակի այսօրվա իշխանությունները հեղափոխության երազանքները չեն կատարում: Թե այդ ի՞նչ երազանքներ էին, ես այդպես էլ չհասկացա, որևէ մեկը այդ երազանքները չի ֆիքսել: Նույնն էլ հանրությունը, որ սխալվել է, խաբվել է, գնացել է փողոց, չի ուզում ընդունել, որ ինքը խաբվել է, սխալ է արել: Իրենց ներողությունը մեզ պետք չի, թող խոստովանեն, ասեն, որ՝ մենք սխալ ենք արել, քանի որ երեքով ենք այդ սխալն արել, որոշել ենք երեքով էլ ուղղենք այդ սխալը»,- ասաց Իսագուլյանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը, խոսելով ՌԴ մեկնել ցանկացող ու այդ նպատակով Կառավարության առջև հացադուլ անող ցուցարարների մասին, ովքեր պնդում են, որ 2018-ի ապրիլին եկել և աջակցել են հեղափոխությանը, ասաց, որ նրանց չպետք է թույլ տան, որ գնան:

«Գալիս են, աջակցում են, ստատուսներ են գրում, բա հիմա մնացեք ձեր Նիկոլի երկրում, ծառայեք ձեր հայրենիքին, բա հեղափոխություն էիք անում, որ հետո փախչե՞ք, անում էիք, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, ուրեմն մնացեք այդ նորմալ Հայաստանում: Ես դեմ եմ, որ այդ մարդկանց պահանջը բավարարվի, շղթայով պետք է կապել նրանց Հայաստանի հետ: Ոնց որ պայքարում էին հանուն Նիկոլի, թող հիմա Նիկոլին քշեն, ես խոստանում եմ, իրենց կճանապարհեմ ՌԴ, հատուկ ինքնաթիռով, իմ հաշվին»,- ասաց Իսագուլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս