«Արսեն Խառատյանը հենց դրա համար էլ վարչապետի խորհրդականի կարգավիճակից դուրս եկավ». Գառնիկ Իսագուլյանը՝ Haqqin.az-ի հոդվածի մասին
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին զարմացնում է այն փաստը, որ Haqqin.az-ի հոդվածն Արսեն Խառատյանի մասին այսպիսի արձագանքի է արժանանում, քանի որ, իր խոսքով, ինքն ու այլ մարդիկ վաղուց են խոսել այդ մասին: Ադրբեջանական կայքը երեկ գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց նրա արդեն նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարության աղբյուրներին՝ ուղիղ բանակցություններ սկսելու առաջարկով, ինչից հետո լքել է վարչապետի խորհրդականի պաշտոնը և հաստատվել է Թբիլիսիում` որպես Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ի ղեկավար: Կայքի փոխանցմամբ՝ Խառատյանը եվրոպական երկրներից մեկում Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը Փաշինյանի ներկայացուցիչն է, և, որ Հայաստանի նոր կառավարությունը կողմ է Ղարաբաղյան հարցի «փուլային» լուծմանը: Արսեն Խառատյանը հերքում է տարածել, որում ասում է, թե վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չի քննարկել:
«Դեռևս հեղափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը որոշել էր Գյումրիից քայլել, ես ասել եմ, որ հեղափոխական մասսան Վրաստանում Ամերիկյան դեսպանատան միջնորդությամբ հանդիպումներ, շփումներ է ունեցել ադրբեջանական և թուրքական կողմերի հետ, որ հեղափոխությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ասվել է գումարի չափ՝ 48 մլն, ասվել է, թե ովքե՞ր են մասնակցել, նրանցից ամենաակտիվը եղել են Մակունցը, Արսեն Խառատյանը և մյուսները: Այս մասին Հայաստանում արդեն քանի տարի խոսվում է, բայց չգիտես ինչո՞ւ՝ բոլորի ուշադրությունը գրավել է Haqqin.az-ի հոդվածը: Վրաստանում ամերիկյան դեսպանի միջնորդությամբ այդ հանդիպումները եղել են մինչև հեղափոխությունը, հեղափոխությունից հետո, շարունակվում են մինչև հիմա: Արսեն Խառատյանը, երբ խորհրդական էր, այդ ժամանակ որևէ պաշտոնական հանդիպում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ չի ունեցել: Հենց դրա համար էլ խորհրդականի կարգավիճակից դուրս եկավ, հիմա էլ գտնվում է Թիֆլիսում, որովհետև որպես խորհրդական՝ դժվար էր համատեղել այդ գործունեությունը: Խառատյանը հանդիպումներ ունեցել է մինչև խորհրդական դառնալը և դուրս գալուց հետո՝ հատուկ առաքելությամբ»,- ասաց Իսագուլյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հիշեցրեց Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանի մասին, ով աշխատել է «Օրբելի» կենտրոնում և պնդում է , որ այսօրվա իշխանության ամենաբարձր օղակներում գտնվածների հետ եղել է գործուղումների մեջ և շատ բան գիտի իրենց մասին, ինչի համար էլ իրեն չեն թողնում վերադառնալ Հայաստան: Արսեն Խառատյանի՝ խորհրդականի աշխատանքից հեռանալը, Իսագուլյանի խոսքով՝ պատահական չի եղել:
«Այդ ամենն արվում է, որ հանկարծ, մի արասցե, այս կարգի բացահայտումներ լինեն, ասեն՝ Արսեն Խառատյանն ինքնագլուխ է նման քայլերի գնացել: Խառատյանն իր հերքման մեջ էլ ասում է, որ իր խորհրդական եղած ժամանակ չի ունեցել հանդիպումներ, այո, այդ ընթացքում չի ունեցել: Իսկ թե ինչո՞ւ ԱԱԾ մարմինները, իմանալով այդ հանդիպումների մասին, որևէ միջոց չեն ձեռնարկել, պետք է հարցն ուղղել այդ կառույցների ղեկավարներին: Դա նորություն չի, որևէ նոր բան չի ասվել»,- ասաց Իսագուլյանը: