«Եթե իմ ամենանախընտրելի թեկնածուն էլ լինի, բայց դրսից ուղղորդված լինի, միևնույն է, իմ վարքագիծը սա է լինելու». Հրայր Թովմասյան
«Երբ որոշողը պառլամենտական մեծամասնությունն է, բնականաբար, պրոցեսը քաղաքական է: Երբ որոշում է Սահմանադրական դատարանը (ՍԴ), և դրսից քաղաքական, ոչ քաղաքական փորձում են ազդել, սա արդեն այլ պրոցես է: Սրանք հստակ պետք է իրարից բաժանել: Դուք ուզում եք ասել՝ Ձեզ ընտրելը եղել է քաղաքակա՞ն որոշում… Միգուցե: Ես ոչ կարող եմ հաստատել, ոչ ժխտել: Բայց քաղաքական մեծամասնությունն է որոշել, և դա բնական է: Այսօրվա քաղաքական մեծամասնությունն է ասել, որ, երբ նախորդ անգամ չընտրեց Վաղարշյանին, Հովհաննիսյանին, քաղաքական որոշում էր»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ իր ասելիքն արդեն ՍԴ ներսում կատարվողի մասին է:
Նրա խոսքով՝ ՍԴ նախագահի պաշտոնը չթողնելու իր հաստատակամությունը քաղաքական որոշման կամ որևէ ուժի կողմից ուղղորդման արդյունք չէր:
«Ես կրկնում եմ: ՍԴ նախագահ ընտրվել եմ, որևէ մեկը չի վիճարկել, կասկածի տակ չի դրել: Ոչ Սահմանադրությունը, ոչ օրենքը չի նախատեսում ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու որևէ ընթացակարգ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ շեշտելով, որ ինքն այդ հիմնարկի ղեկավարը չէ, ծառայողական առանձնատանը չի բնակվել, թիկնազոր երբեք չի ունեցել, ծառայողական մեքենայից օգտվել է վերջին անգամ 8 ամիս առաջ:
Ըստ նրա՝ եթե դու չես օգտվում բարիքներից ու հրաժարական ես տալիս, նշանակում է՝ քաղաքական որոշման արդյունքում ես հրաժարական տալիս, ինչը, բնականաբար, հնարավոր չէր:
«Ես ասում եմ՝ ՍԴ կողմից ինքնուրույն, առանց արտաքին որևէ ներգործության ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, որովհետև այդ դեպքում հաստատվում է ՍԴ ինքնուրույնությունն ու անկախությունը, քան թե ի սկզբանե, նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ, եթե այս ճանապարհով ընտրվում է լավագույնը, նույնիսկ նա, ում ես կցանկանայի: Խունդկարյանն իմ ամենանախընտրելի թեկնածուն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի: Եթե իմ ամենանախընտրելի թեկնածուն էլ լինի, բայց դրսից ուղղորդված լինի, միևնույն է, իմ վարքագիծը սա է լինելու»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով աշխատակարգային նիստին չմասնակցելու իր որոշմանը: