Ինչո՞ւ են հաճախակի հանդիպում Հովհաննես Մովսիսյանն ու Մարգարիտա Գրիգորյանը

Շուրջ մեկ շաբաթ առաջ ավարտվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունման ժամկետը և հայտնի դարձավ, որ այդ պատասխանատու պաշտոնի հավակնորդները 13-ն են՝ Վարդան Ալեքսանյան – 2015-2019թթ․«Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր, Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր, Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական, Հովհաննես Թովմասյան – 2018 թ․-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար, Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող, Ռուդիկ Տեր-Գալստյան – «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն, Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար, Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար, Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր, Նունե Էլմասյան – 2000 թ.-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր, Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ.․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:

Ողջ այս ցանկից, սակայն, ինտրիգը պտտվում է սոսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անձի շուրջ, և գրեթե բոլորը համոզված են, որ նա է Հանրային հեռուստաընկերության հաջորդ գործադիր տնօրենը՝ Հ1-ը երկար տարիներ ղեկավարած Մարգարիտա Գրիգորյանից հետո:

Այն, որ բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են Հովհաննես Մովսիսյանին Հանրայինի գործադիր տնօրեն դարձնելու համար, թերևս, ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց թե ինչո՞ւ է նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը շահագրգիռ, որ վերջինս զբաղեցնի իր նախկին պաշտոնը, մնում է ենթադրել միայն:

Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունում խոսում են, որ Հովհաննես Մովսիսյանը խնդիրներ ունի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, և վերջինս չի ցանկանում ժողովրդի մեջ ավելի հայտնի «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի ղեկավարին տեսնել Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնում, բայց, ինչպես ասում են, Շիրինյանի ցանկությունն իրավական կատեգորիա չէ, ու Հովհաննես Մովսիսյանը կդառնա Հ1-ի գործադիր տնօրեն:

Իսկ այն, որ Հ1-ի նախկին ու ենթադրյալ ապագա գործադիր տնօրենները փայլուն հարաբերություններ ունեն ու, թերևս, նաև ընդհանուր հետաքրքրություններ, ակնհայտ է, այլապես նրանց հաճախ միասին չէին նկատի ինչ-որ հարցեր քննարկելիս:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝  այդ հանդիպումները մասնավորապես տեղի են ունենում թե՛ Մարգարիտա Գրիգորյանի՝ «Երազ» բիզնես-կենտրոնում տեղակայված ընկերության գրասենյակում, թե՛ կառավարությունում՝ Հովհաննես Մովսիսյանի աշխատասենյակում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքին հաջորդած բուռն քննարկումներից հետո Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն իր պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց, ու հիմա, վերոնշյալ իրողությունները նկատի առնելով, անհասկանալի է դառնում, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, Մարգարիտա Գրիգորյանին ազատեցին իր զբաղեցրած պաշտոնից, եթե վարվող քաղաքական գիծը նույնը պետք է լիներ:

Մի ուշագրավ հանգամանք ևս. թեպետ ձևական կողմը պահպանել են, ու այդ պաշտոնի համար մրցույթ են հայտարարել, սակայն Հանրայինում ակտիվ քննարկում են այն, որ մրցույթի մասնակիցներից որևէ մեկի հետ մրցութային հանձնաժողովը չի հանդիպել, քննարկում չի եղել, հարցազրույց՝ առավել ևս: Այսինքն՝ մնացած 12 հավակնորդները հետաքրքիր չեն:

Նշում են նաև, որ չի բացառվում, որ արդեն այս շաբաթվա վերջում հայտարարեն, որ Հովհաննես Մովսիսյանը «հաղթել է» մրցույթում, ու հենց նա կնշանակվի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս