«Գագիկ Ծառուկյանը կալանավորված էլ լինի, մեկ է՝ պահանջելու ենք կառավարության 100 տոկոսի հրաժարականը». Իվետա Տոնոյան

Այս իշխանության ցանկացած գործողություն այլևս դադարել է զարմացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, որոնք պատրաստ են նույն իշխանության կողմից իրականացվող ցանկացած գործընթացի։

«Մեզ համար որևէ զարգացում չի բացառվում։ Եթե Գագիկ Ծառուկյանը լինի կալանավորված էլ, միևնույն է՝ մեր քաղաքական թիմի օրակարգում որևէ բան չի փոխվելու, որովհետև պարոն Ծառուկյանին կալանավորելով՝ մեր երկրում թռիչքային աճ չի լինելու, ներդրումները չեն հոսելու այստեղ, և մեկ հարվածով Գագիկ Ծառուկյանին կալանավորելով՝ այս ու այլ խնդիրները չեն լուծվելու։ Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելն այս իշխանության համար ընդդիմախոսությունը լռեցնելու միջոց է»,- 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանին կալանավորելն ընդդիմախոսությունը լռեցնելու միակ տարբերակ լինելն ապացուցվում է նրանով, որ այսօր ընդդիմադիր երեք կուսակցություն հենց հայտարարեց հոկտեմբերի 8-ին համահայկական հանրահավաք անելու մասին, դրանից ընդամենը մի քանի ժամ անց մամուլ սպրդեցին լուրեր, թե վաղը դատարանը կարող է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հայտնի է՝ որպես քաղաքական որոշումներ կայացնող դատավոր:

Հարցին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունը՝ բացառվա՞ծ են արդյոք այս երկու անձանց մեջ հուշագրերի ստորագրումները, ու արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև այրված են կամուրջները, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Քանի դեռ մեր քաղաքական բանավեճի մակարդակն այսպես շրիշակից ներքև է, ես որևէ գործակցություն բացառում եմ գործող իշխանության հետ, և դա իմ անձնական կարծիքն է։ Երբ երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները լուծելու փոխարեն՝ իշխանություններն ամբողջական կազմով լծված են քաղաքական մեկ ուժի նկատմամբ սանձազերծված հաշվեհարդար իրականացնելուն, ես նման իշխանության հետ գործակցությունը բացառում եմ»։

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ ստորագրված հուշագրին, ապա Իվետա Տոնոյանը նշեց, որ իշխող ուժը, նախքան ԲՀԿ-ին ամեն մեղքի մեջ մեղադրելը, պետք է հիշի, թե Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանն ինչի համար են հուշագիր ստորագրել։

«Այդ հուշագրի մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ հուշագիր են ստորագրում ոչ միայն արահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, այլ նաև երկրում տնտեսությունը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, Արցախի անվտանգության հարցում համատեղ հայտարարություններ անելու համար»,- ասաց Իվետա Տոնոյանը՝ զուգահեռաբար խորհուրդ տալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին թարմացնել հիշողությունը և բաց հապարակված հուշագրի տեքստից կարդալ և հասկանալ, որ հուշագիրը չի ստորագրվել միայն ու միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ինչպես հայտնում է ինքը լրատվամիջոցներին։

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ չի կարող փակագծեր բացել հանրահավաքի օրակարգի հետ կապված, սակայն հստակ է մեկ բան՝ իրենք շարունակելու են պահանջել Կառավարության 100 տոկոսի հրաժարականը, և այս հարցում իրենց օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Որևէ հետքայլ չի արվել և մեզ հետքայլի մեջ մեղադրողները կամ չեն հետևում մեր հայտարարություններին, որովհետև ես և իմ բազմաթիվ գործընկերներ բազմիցս ասել ենք, որ մեր օրակարգում որևէ փոփոխություն չի եղել, և հետքայլի մասին խոսելը ցնդաբանություն է»,- ասաց Տոնոյանը՝ շեշտելով, որ կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջով ընդհանուր համաձայնություն կա նաև հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքի մասնակից մյուս երկու կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հետ։

Հարցին՝ իսկ ի՞նչ են անելու, երբ իրենց հրաժարականի պահանջին չարձագանքի իշխանությունը, և Նիկոլ Փաշինյանը կառավարության ողջ կազմի հետ մեկտեղ հրաժարական չտա, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Քաղաքականության մեջ որևէ գործընթաց չի լինում միանգամից կամ կախարդական փայտիկի մեկ հարվածով, և մեր պահանջը շարունակական գործընթաց է, իսկ բոլոր այն մարդիկ, որոնք կիսում են մեր մտահոգությունները, վստահաբար կլինեն մեր կողքին։ Թե ի՞նչ կլինի հետո, չեմ ուզում խաղաքարտերը բացել, այնպես որ, եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս