«Պրոցեսը սկսելով սեփական կետից՝ ամբողջ պրոցեսը գցել են իրենց ոտքերին». Արմեն Աշոտյանը՝ ղարաբաղյան հարցի կարգավորման մասին   

«Հայաստանի անկախությունը ծնվել է Արցախյան շարժումից, քաղաքական օրակարգը թելադրված է եղել Արցախով, ՀՀ-ի ազգային, պետական հպարտությունը սերում է Արցախից: Այս տեսակետից ոչ թե Արցախն է Հայաստան, այլ Հայաստանն է Արցախ՝ իր գոյաբանական իմաստով»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

«Տարակուսել կարելի է, թե ինչ խայտառակ աներեսությամբ է Հայաստանի գործող վերնախավը՝ վարչապետ-ԱԳ նախարար զույգով, վերաբերվում այն խայտառակ պրավալներին, որոնք արձանագրվել են արցախյան ուղղությամբ այս իշխանության օրոք»,- ասաց Աշոտյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցի ընթացքում հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին, նշել է, որ Հայաստանը պատրաստվում է սադրանքների, իսկ բանակցությունները տապալվել են, ինչի մեղավորը հայկական կողմն է: Աշոտյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները մի քանի շերտ ունեն:

«Դուշանբեից մի քիչ առաջ և դրանից հետո Հայաստանի ողջ առողջ հասարակաքաղաքական միտքը տեսնում էր, որ Նիկոլ Փաշինյանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները փոխանակել էր, եթե ավելի կենցաղային ասենք՝ «խուրդել էր» Ալիևի հետ, որ Ալիևը չկրակի: Մենք 2018-ից էինք դա ասում: Ալիևն իր հարցազրույցում դա բաց տեքստով խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան: Այն, որ մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր ներքին իշխանությունն ամրացնելու համար պատրաստ է ոտնատակ տալ, ոտնահարել, մանրադրամի վերածել ազգային-պետական օրակարգը, իրականություն է: Ես Ալիևի կարիքը չունեմ, որ հասկանամ, որ դա իրականություն է»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ Իլհամ Ալիևի հայտարարություններն ունեն հստակ քաղաքական նպատակ, որոնց պետք է գումարել նաև թուրքական կողմի հայտարարությունները, ինչից էլ կարելի է հասկանալ, որ ոչ թե Ադրբեջանն ուզում է  Արցախը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Արցախը:

Աշոտյանի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է հակադարձեին  Իլհամ Ալիևի հայտարարություններին:

«Ալիևի հայտարարությունների հետևում հստակ ընդգծված են, երևում են տանկերն ու թնդանոթները: Մենք չենք վախենում պատերազմից, բայց եթե պատերազմ պետք է  լինի, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի՝ որպես մեղավոր այդ պատերազմում: Բանակցային գործընթացը տանուլ տված իշխանությունները տանուլ են տալիս նաև քարոզչությունը, և սա չի կարող չմտահոգել: Նիկոլ Փաշինյանին դեմ են տվել, ինչպես Լավրովն անցյալ տարի խոստովանեց, կարգավորման մի փաթեթ, որը նա թաքցնում է ժողովրդից, և որին համաձայնել այնուհանդերձ չի կարող, մյուս կողմից՝ ունենք բանակցային գործընթացի շատ ռիսկային ժամանակահատված, որտեղ Հայաստանը դառնում է մեղավոր: Դառնում է մեղավոր և՛ բանակցությունների տապալման համար, և դառնալու է մեղավոր հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: Պրոցեսը դեռ չսկսված՝ մենք պոտենցիալ մեղավոր ենք, ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը տարված էին ներքին պոպուլիզմով, երկուսուկես տարի մեզ չեն լսում, և պրոցեսը սկսելով սեփական կետից, ինչպես Նիկոլն է ասում, ամբողջ պրոցեսը գցել են իրենց ոտքերին»,- ասաց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս