«Նրանք երբեք չեն էլ գա Հայաստան, ավելի լավ չի՞ այդ գումարը վերցվի, բանակի համար ինչ–որ բան արվի». Սասուն Միքայելյան

«Մեր պատերազմն այսօր գնում է նաև Թուրքիայի հետ, ոչ միայն Ադրբեջանի հետ, դրա համար պետք է մի քիչ զգույշ լինենք պետությունների հետ»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե այսօր պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք՝ Միքայելյանը պատասխանեց, որ պատերազմի վտանգն ամեն օր էլ կա:

«Պատերազմի վտանգ տեսել եմ 90 թվականից մինչև այսօր, այսօր էլ եմ տեսնում: Մի տեսակ մեր ժողովրդի մեջ բան է մտել՝ քառօրյա պատերազմ, Տավուշի դեպքեր, դիվերսիոն հարձակումներ, պատերազմը չի՛ ավարտվել, հարգելի ժողովուրդ: Պատերազմը սկսվել է 90-ական թվականներից, մինչև հիմա գնում  է, բերեք չտարանջատենք, չմասնատենք դեպքերը, պատերազմի մեջ ենք, ընդհանուր պատերազմ է, որ դեռ չի ավարտվել, պետք է համախմբված լինենք»,- ասաց Միքայելյանը:

Հարցին, թե հայկական կողմն ինչպե՞ս է հակառակորդին խաղաղություն պարտադրում, Սասուն Միքայելյանը պատասխանեց.

«Տիգրան Մեծն ասել է՝ պետք է շտապենք, բայց դանդաղ: Հիմա մենք պետք է խաղաղություն գոռանք, բայց պատրաստ լինենք խաղաղության, եթե դու պատրաստ չես խաղաղության, խաղաղություն երբեք չի լինի»:

Լրագրողները Միքայելյանից նաև հետաքրքրվեցին, թե նման պայմաններում որքանո՞վ էր նպատակահարմար Ազգային ժողովում շրջանառության մեջ դնել օրենքի նախագիծ, որի համաձայն՝ 27 տարին լրացած և բանակից խուսափած անձինք որոշակի գումար վճարելու դեպքում պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից:

«Նրանք երբեք չեն էլ գա Հայաստան, ավելի լավ չի՞ այդ գումարը վերցվի, բանակի համար ինչ-որ բան արվի: Ես ճիշտ եմ համարում դա, որովհետև նրանք էլ հետ չեն գա Հայաստան, ուզենք թե չուզենք»,- ասաց Միքայելյանը:

Դիտարկմանը՝ դասալքությունը բիզնես է դարձվում, ԵԿՄ նախագահն այլ երկրների օրինակները բերեց՝ ասելով․ «Չէ, դասալքությունը չի կարող բիզնես լինել: Պետություններ կան, որ մարդիկ գնում, գումարը մուծում են, չեն գնում ծառայեն, հասկանո՞ւմ եք, դա դասալքություն չի, դա դասալիքներին հասկացնել է, որ սա քո երկիրն է, գոնե սրանով օգնի: Պետք է ժամկետ դրվի, այս ժամկետից՝ այս ժամկետը, ովքեր Հայաստանում չեն եղել տարիքային առումով, լրացել է, պետք է գումարը վճարեն, դրանից հետո պետք է նման բան չարվի, թույլ չտրվի, ու այսօր էլ շատ մարդիկ ձգտում են, որ գան ծառայեն: Եթե վերցնենք՝ մի 10-15 տարի առաջ ինչ վախ կար, որ չէին գալիս ծառայում, այսօր գրեթե 70 տոկոսն ուզում են, որ իրենց երեխեքը գան ծառայեն, քաշքշուկի մեջ չընկնեն: Բա այդ մարդկանց ի՞նչ անենք, 27 տարին լրացել է, 27 տարին ո՞րն  է, 30, պապուս թայն են արդեն»:

Տեսանյութեր

Լրահոս