Բաժիններ՝

5300 ուսանողի ստորագրությամբ դիմում է հանձնվել Կառավարությանը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման պահանջով

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր երթ էր կազմակերպվել Մայր բուհից դեպի Կառավարություն: Երթին մասնակցում էին ԵՊՀ ՈւԽ անդամները: Նրանք 5300 ուսանողի ստորագրությամբ դիմում հանձնեցին Կառավարությանը: Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, քանի որ, իրենց պնդմամբ, հեռավար կրթությամբ պայմանավորված, մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Սա՝ այն պարագայում, երբ շատ ուսանողներ և նրանց ծնողներ կորոնավիրուսի համավարակի պատճառով կորցրել են իրենց եկամտի աղբյուրը:

«Ուսանողը վճարում է գումար և դրա դիմաց համարժեք կրթություն չի ստանում: Մենք հասկանում ենք, որ դա օբյեկտիվ խնդիր է, բաց պետք է հասկանալ նաև, որ դա պետք է իրենից ենթադրի ոչ հավասար վճարի չափ: Նախորդ կիսամյակ դիմեցինք Կառավարությանը, բայց ստացանք աջակցության 14-րդ ծրագիրը, որի հիմքում ոչ թե սոցիալական բաղադրիչն էր դրված, այլ՝ կրթական բաղադրիչը, ինչի արդյունքում ուսանողները բավարարված չեն: Միայն ԵՊՀ-ում կա ավելի քան 500 ուսանող, ովքեր մինչ այսօր նախորդ կիսամյակի ուսման վարձը չեն վճարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Նա նշեց, որ ստորագրահավաքը տևել է ընդամենը մեկ շաբաթ, ավելի երկար սպասել չէին կարող: Ափոյանի խոսքով՝ իրենց ստորագրահավաքին միացել են նաև այլ բուհերի ուսանողներ: Ուսանողների դիմումը վերցնելու իջավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա ասաց, որ շուտով վարչապետի մոտ քննարկումներ են սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ, ուսանողների դիմումն էլ կքննարկվի այդ շրջանակներում: Դավիթ Ափոյանն առաջարկեց հստակեցնել ժամկետները, քանի որ ուսման վարձերի վճարման վերջնաժամկետները մոտենում են:

«Առաջին կուրսեցիների համար վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, իսկ նախորդ կիսամյակից պարտք ունեցող ուսանողների համար վերջնաժամկետը երկրորդ լուծարքային շրջանի ավարտն է, այս ուրբաթ օրը: Եթե դուք պատրաստվում եք ծրագիր մշակել, միգուցե փորձեք հրահանգել, կարգադրել բուհերին, որ այդ հիմքով ուսանողներին դուրս չթողնեն և հավելյալ ժամանակ տրամադրեն, մինչև ծրագիրը կմշակեք»,- մանրամասնեց Դավիթ Ափոյանը:

Նաիրի Սարգսյանը վստահեցրեց, որ կփոխանցի վարչապետին՝ ինչպես նամակը, այնպես էլ՝ Ափոյանի առաջարկը:

«Ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում կստանանք դրական արձագանք»,- ասաց Ափոյանը:

ԵՊՀ ՈւԽ նախագահը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ վարձ չվճարելու պատճառով որևէ ուսանող դուրս չի մնա համալսարանից:

«Որևէ իշխանություն, որևէ Կառավարություն չպետք է ափսոսա կրթության վրա ներդրում անել, որովհետև տասնապատիկ հետ է վերադառնալու: Ամենածանր հոգեվիճակը իր երեխայի ուսման վարձը վճարել չկարողացող ծնողի հոգեվիճակն է, ով որ պետք է նայի իր երեխայի աչքերին և ասի, որ՝ չեմ կարողանում վճարել ուսմանդ վարձը, ինչի պատճառով դու ստիպված ես դադարեցնել ուսումդ: Հուսով եմ՝ չենք ունենա նման երևույթներ»:

Փոխհատուցման հստակ չափ, տոկոս ուսանողներն իրենց պահանջում չեն նշել, բայց Դավիթ Ափոյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ ակնկալում են 20-25 տոկոսի չափով փոխհատուցում:

Կառավարության առջև ուսանողների հետ զրուցեցին նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, ովքեր ասացին, որ այս հարցը կբարձրացնեն Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Պատգամավորները նաև հիշեցրին, որ վաղը խորհրդարանին առաջարկելու են որոշում ընդունել, որ վարչապետը քննարկի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս