Բաժիններ՝

«Որոշել ենք տասնյակ բնակիչներով գնալ քաղաքապետարան, որ պարոն Մարությանը ճիշտ որոշում կայացնի». Վարդաշենի հանրակացարանի բնակիչ

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքում գտնվող 68ա և 66/1 հանրակացարանների բնակիչները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին, երբ տեղի է ունենալու  Երևանի ավագանու նիստը, գնալ քաղաքապետարան: 168.am-ի հետ զրույցում ասաց հանրակացարանի բնակիչներից մեկը:

Նրանց խոսքով՝ այլևս հնարավոր չէ այդպես ապրել, շենքի պատերի ճաքերն ամեն օր ավելի են մեծանում, և, որ քաղաքապետարանը պարտավոր է շենքերը 4-րդ կարգի վթարային ճանաչել և իրենց բնակարաններով ապահովել:

«Շենքի բնակիչներով որոշել ենք, որ ամսի 8-ին գնանք քաղաքապետարան, սոցիալական հեռավորությունը պահելով՝ ակցիա իրականացնենք, որպեսզի նրանք իմանան, որ այնտեղ ենք, և պարոն Մարությանը ճիշտ որոշում կայացնի շենքի հարցով: Հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ ամբողջ շենքի բնակիչներով չենք գնա, մի քանի տասնյակ բնակիչներով կլինենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որը զգացվել էր նաև Երևանում։ Վարդաշենի 2 հանրակացարանների բնակիչներն էլ մեզ հետ զրույցում պատմել էին, որ շենքը ցնցվել էր, քարաթափում էր եղել, և, որ երեխաների հետ միասին դրսում էին լուսացրել: Բնակիչները պնդում են, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, սակայն քաղաքապետարանը չի հաստատում:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանել էր հանրակացարաններին վթարային կարգ տալու հարցը՝ ասելով, որ քաղաքապետարանն ուղարկել է սեյսմիկ արդյունքների, որ եզրակացություն տան, եկել է 4-րդ կարգ, բայց շենքը Պետգույքի կոմիտեի հաշվին է նստած, ոչ թե քաղաքապետարանի:

«Պետգույքի կոմիտեից ասում են՝ 3-րդ կարգ է, ոչ մի 4-րդ կարգ: Սեպտեմբերի 8-ին ավագանու նիստ է լինելու, խոսելու ենք, որ քաղաքապետարանը պարտավորությունը վերցնի իր վրա, այդ մարդկանց գոնե 2021 թվի բյուջեով գումար նախատեսի, շենք կառուցի, որ այդ մարդիկ տուն ստանան»,- ասել էր Հարությունյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս