«Փոշմանել եմ, որ դեռ ՀՀ քաղաքացու կարգավիճակում եմ». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
Այսօր առավոտից ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում: Ցուցարար մի կին արցունքն աչքերին լրագրողներին պատմեց, որ առավոտյան Կառավարության առջև ակցիայի գալու ճանապարհին ընկել և կոտրել է թևը:
«Կոտրել եմ թևս երկու տեղից: Երկու հիվանդանոց տարան, երկու տեղն էլ վճար են ուզել, ասում եմ՝ ինձ մոտ վճար չկա, վերջում տարել են Առաջին համալսարանական հիվանդանոց, գիպս են դրել»:
Տիկինն ասաց, որ իր միակ տղան և հարսը Ռուսաստանում են: Ինքն էլ 6 ամիս է, ինչ Հայաստան է եկել: 20 տարի Ռուսաստանում է ապրում և աշխատում տիկինը:
«Էլ սիրտ չի մնացել: Աշխատանք ունեի ընդեղ, եկել եմ էս 6 ամիս ա ստեղ, նույնիսկ գոյությունս չեմ կարողանում պահել: Չեմ աշխատում, չեն ընդունում էս տարիքիս: Ես չգիտեմ՝ ի՞նչ պետք է լինի, մեր Կառավարությունը չի տեսնում, ինչքա՞ն մղկտանք, խնդրենք, որ մեր հարցերը լուծեք: Թող մի բան անի մեր Կառավարությունը, ես ուզում եմ գնամ հասնեմ իմ երեխեքին»,- ասաց կինը:
Ցուցարարը պատմեց, որ իր որդին դիմել է պատկան մարմիններին, իրեն ասել են, որ մինչև արտակարգ իրավիճակը չհանեն, Հայաստանի համար սահմանները չեն բացվելու:
«20 տարի ա՝ ընդեղ եմ: Առիթներ շատ են եղել, որ կարող էի փոխել քաղաքացիությունս, բայց չեմ հրաժարվել: Իսկ հիմա փոշմանել եմ, որ դեռ ՀՀ քաղաքացու կարգավիճակում եմ: Էս պահին եթե մեկը գա-ասի՝ հրաժարվի էստեղի քաղաքացիությունից, մի ամիս հետո կգնաս Ռուսաստան, կհրաժարվեմ: Ինչի՞ս է պետք էս իմ երկիրը, ի՞նչ է արել իմ համար էս պետությունը, ես էնտեղ հա՛մ լավ աշխատում եմ, հա՛մ ապրում եմ: Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, պատրաստ եմ հրաժարվել էս պետությունից»,- ասաց ցուցարարը:
Տիկինը դժգոհեց, որ այսքան ժամանակ իրենց խնդիրը լուծել չեն փորձում:
«Ոչ մեկը ժողովրդի մասին չի մտածում, մենք ենք ընտրել իրանց, հիմա իրանք թքած ունեն մեր վրա: Իրանք կարան 1.5 միլիոն պարգևավճար ստանան, կարան հանգստանան իրանց երեխեքի հետ, ֆոտոսեսիա անեն, բայց չեն հասկանում, որ մենք էլ ենք ծնող, մենք էլ ենք ուզում մեր երեխեքի մոտ լինենք»,- ասաց կինը: