«Մեզանից ուզում են սարքել մոխրագույն ինչ-որ մասսա, մեր պապերի մշակույթը տանում են». Իրինա Ծատուրյան
«Ես մարդ գիտեմ, որը շաբաթական 25 հազար դրամի սպիրտ է օգտագործում. նա տուն մտած ցանկացած բան սպիրտով շփում է: Դա լուրջ է, և ես մի քանի այդպիսի մարդ գիտեմ: Կորոնավիրուսի այդ վախը, որ պատել է, շատ լուրջ է, և այդքան մարդ չի դիմի համապատասխան մասնագետների, որ իրենց օգնեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Հարցին՝ իշխանություններն ասում են՝ իրավիճակը լուրջ է, արտակարգ դրությունը փոխարինում են կարանտինով, բայց առողջապահության նախարարն ու վարչապետը արձակուրդում են և սարերից ու տարբեր վայրերից լուսանկարներ են հրապարակում, դրանով ի՞նչ մեսիջ են հղում, նա պատասխանեց. «Գիտե՞ք՝ ինչ մեսիջ, և մենք պետք է շատ ուրախանանք, ուրեմն՝ այդքան լուրջ չէ մեր վիճակը, եթե իրենք թողնել-գնացել են: Չեն համապատասխանում բերված խստությունները իրական վիճակին, եթե իրավիճակն իսկապես այդքան ծանր է, ուրեմն՝ պետք է իրենց աշխատասենյակներից դուրս չգան»:
Անդրադառնալով վերջին շրջանի բողոքի ակցիաներին՝ նա նկատեց՝ հասարակություն-իշխանություն երկխոսություն երբևէ չի եղել. «2018թ. եկավ մի մարդ, որը խոստումներ տվեց, իսկ մեր ազգը քանի որ դյուրահավատ է, միանգամից հավատաց, չսպասեց՝ մի երկու գործողություններ անի, տեսնի՝ ոնց է լինելու: Հետո Էլթոն Ջոնը եկավ, ու մենք շատ հանգիստ այդ բոլորը տարանք: Երկխոսություն չի եղել, եղավ տանջված, տառապած, ընկճված ազգի հերթական հավատալը, որ հիմա լավ կլինի: Երկխոսություն չի եղել և չկա. հիմա մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտում են, բայց իրենց ոչ ոք չի լսում: Չկա այդ բանը, որ մեր պետական այրերը լինեն պաշտպանի դերում: Երբ խոսում ենք աղքատության մասին, մեզ ասում են՝ գնացեք՝ աշխատեք: Մենք ունենք այնպիսի թիրախային խմբեր, որոնք իսկապես չեն կարող աշխատել: Դրա համար ես այստեղ երկխոսություն չեմ տեսնում: Իշխանությունը թերանում է, երբ մոռանում է, որ ժողովրդից է դուրս եկել: Դա բոլոր իշխանությունների թերությունն է, մարդը չի ուզում հիշել, որ ինքը կարիքավոր էլ է եղել»:
Խոսելով կրթական չափորոշիչների մասին՝ նա նկատեց. «Մեզանից ուզում են սարքել մոխրագույն ինչ-որ մասսա: Մեր պապերի մշակույթը տանում են, ստացվում է, որ մենք արմատ չունեցող ենք: Բայց ես ուրախանում եմ, որ նմանատիպ վիճակներում մեր ազգի ինքնագիտակցությունը բարձրանում է»:
Վերջերս Գեղարքունիքի մարզում իր այցն ամփոփելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»: Իրինա Ծատուրյանից հետաքրքրվեցինք՝ որպես հոգեբան՝ ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի այդ հայտարարությունը, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշում Հիսուս Քրիստոսին, համեմատվում նրա հետ, չի շրջանցում նաև հայոց արքաներին:
«Հիսուսի հետ համեմատվելն ուղղակի վտանգավոր է, որովհետև կան համապատասխան անաչառ ուժեր, որոնց հետ ավելի լավ է՝ դուրս չգալ մենամարտերի: Բայց եթե մարդուն աստղայինը տանում է, նրա մեջ ամենաթողություն է ձևավորվում, ինքը ցանկացած բան իրեն թույլ է տալիս և վերահսկողությունը կորցնում է: Ես շատ կցանկանայի, որ մեր ղեկավարներն իրականությունից չկտրվեն, իսկ դա խոսում է իրականությունից կտրվելու մասին: Եվ եթե մենք խոսում ենք Հիսուսի երկրորդ գալստյան մասին, ապա հայ քրիստոնյան իսկապես գիտի՝ ոնց դրան պատրաստվել. այդպես չեն պատրաստվում: Քրիստոսի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, որովհետև պատժվելու է»,- ի պատասխան՝ ասաց նա:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը փրկչի կերպարի հետ է նույնացնում իրեն, որպեսզի ցույց տա, թե փրկել է ժողովրդին, նա այսպես արձագանքեց. «Ումի՞ց է փրկել: Նախորդ իշխանությունն ուներ սխալներ, տեսեք՝ ինչ հետաքրքիր միտում կա՝ բոլորը նախորդներին են քննադատում, բայց ինքներս մեզ քննադատո՞ւմ ենք՝ երեկ ինչն ենք սխալ արել: Նախորդը սխալ է արել, հասկացանք, բա պատիժն ո՞ւր է, եթե նախորդը սխալվել է: Բայց ես երեկ ի՞նչ սխալ եմ արել, ես իմ սխալն ընդունո՞ւմ եմ: Այն մարդը, որն ընդունում է իր սխալը՝ զարգանում է, այն մարդը, որը չի ընդունում՝ մնում է տեղում: Եթե նա նույնիսկ տանում է այդ փրկչի կերպարը, ապա հիմա դրա ժամանակը չէ, մենք հիմա կորոնավիրուսի մեջ ենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում