«Ինձ նամակներ ա գալիս՝ «մեքենադ կբռնագանձենք», «տունդ կվերցնենք», թող բացեն սահմանները, գնամ աշխատեմ, բերեմ տամ». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

«Եկել եմ անձնագիրս փոխելու, մնացել եմ այստեղ». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից՝ Ռոզա Մելքոնյանը: Այսօր առավոտից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ավտոերթ էին անում, ապա բողոքի ակցիա Կառավարության, Ռուսաստանի դեսպանատան դիմաց, հետո շարժվեցին դեպի  Կառավարական առանձնատուն: Պահանջում են Կառավարությունից, ՌԴ դեսպանատնից պայմաններ ստեղծել, որ վերադառնան Ռուսաստան:

«Մարտ ամսից ստեղ եմ, չեմ աշխատում, Մոսկվայում իմ անձնական բիզնեսն ունեմ:  Ընդեղ հիմա բիզնեսս մնացել ա փակ, ուզում եմ հետ գնամ, թույլ չեն տալիս: Ստեղ էլ հնարավորություն չունեմ բիզնես դնելու էլ, փող չունեմ, բանկերից վերցրել եմ, ընդեղ բիզնես դրել եմ, մինչև մարտ ամիս նորմալ վճարում էի, մի օր ուշացում չեմ ունեցել, բայց մարտ ամսից հետո չեմ վճարել: Ինձ նամակներ ա գալիս՝ «մեքենադ կբռնագանձենք», «տունդ կվերցնենք», թող բացեն, գնամ աշխատեմ, բերեմ տամ»,- ասաց Ռոզա Մելքոնյանը:

Տիկինը պատմեց, որ ամուսինն է գումար ուղարկում, որ այստեղ ապրի, մինչև կարողանա հետ գնալ:

«Ոչ մեկն ինձ աշխատանք չի տալիս, ասում են՝ դու 54 տարեկան ես, գնա, մի ոտքդ էն աշխարհն ա արդեն: Էլ ես ի՞նչ անեմ: Ես չգիտեմ՝ ի՞նչ անեմ: Գոնե բանկերը ստոպ տան, մինչև գնանք հասնենք, աշխատենք, բերենք մուծենք»:

Տեսանյութեր

Լրահոս