«Եթե պարոն Փաշինյանի վերարկուն են բռնում, դա էլ է պատասխանատու աշխատանք, բայց այս երկրին ի՞նչ օգուտ են տվել». Հրաչ Բերբերյան
«Երկու ձեռքով ողջունում եմ Երկրորդ նախագահի խոսքերը: Ընդհանրապես, Քոչարյանի ելույթը հմուտ ղեկավարի ելույթ էր, և միայն հաճելի կլիներ այդ մարդու հետ աշխատելը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և տնտեսագետների քննարկմանը, որի ժամանակ անդրադարձ էր եղել նաև գյուղատնտեսության ոլորտին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ չկա զարգացած երկիր, որտեղ գյուղատնտեսությունը չսուբսիդավորեն. «Գյուղացին տվյալ ժողովրդի ավանդույթները կրողը, պահողն է, միշտ ինչ-որ չափով կոնսերվատիվ է լինում տեխնոլոգիաների տեսանկյունից։ Պետք է համբերատար բացատրես, օգնես, ուսանես, ոչ թե ասես՝ փնթի ես, լավ չես աշխատում, կամ կոստյումով պետք է գաս։ Չի լինի այդպես։ Ազգային ավանդույթների ողնաշարն է։ Դրա համար գյուղատնտեսությանը պետք է լրիվ ուրիշ աչքով նայել»:
Հրաչ Բերբերյանը հիշեց, որ, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ կարտոֆիլի արտահանման մասով խոչընդոտ է եղել, Ռուսաստանը պահանջել է ծագումնաբանական փաստաթուղթ. «Առևտրաարդյունաբերական պալատին էր դա հանձնարարվել, որը ամեն մեքենայի համար մոտ 100 դոլար գումար էր պահանջում: Երբ ես նախագահին ասացի, անմիջապես հանձնարարեց Արդյունաբերության նախարարությանը զբաղվել այդ հարցով, և 3 օր հետո այդ 100 դոլարը դարձավ 5000 դրամ, այսինքն՝ 10 դոլար, որովհետև դա խոչընդոտում էր արտահանմանը»:
Ըստ նրա՝ հիմա գյուղատնտեսության ոլորտում առաջին հերթին պետք է օրենսդրական բարեփոխումներ արվեն. «Տեսեք՝ օրինակ՝ մթերման հարցում գյուղացին մեն-մենակ է գործարանատիրոջ հետ, այսինքն՝ կուզենա՝ կընդունի, չի ուզենա՝ չի ընդունի: Այս տարի կունենանք հերթեր, որովհետև խաղողի բերքը միջինից բարձր է, իսկ պահանջարկը՝ ցածր. նախորդ տարվա գինիները դեռ պահեստում են: Ֆրանսիայում գործարանը և խաղող արտադրողը մի թիմ են, նույնիսկ ֆերմերն իր պատրաստի արտադրանքը տալիս է գործարանին, որ իրար հետ վաճառեն, այսինքն՝ շահույթը կիսում են իրար մեջ: Այ դրա համար են տեղական արտադրողների միությունները, որոնք խումբ են ստեղծում»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասաց, որ այսօր պայմանագիր են ստորագրել մի ընկերության հետ և գյուղացուն 10-15 տոկոս էժան որակյալ դիզվառելիք առաջարկել. «Գյուղացին շատ դիզվառելիք ձեռք կբերի, շատ հող կմշակի: Մոտ 1000 տոննայի չափով կփորձենք օգնել մեր միավորման և մյուս ֆերմերներին: Շատ լավ կլիներ, որ գոնե ճանապարհածախսը կառավարությունը սուբսիդավորեր. Կիլոմետրը 5 դրամ էլ չի անում, հաշվարկներն արվել են»:
Նա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը գյուղի տղա է, բայց չի սիրում գյուղատնտեսությունը»:
Դիտարկմանը՝ պարբերաբար այցեր է ունենում, նա այսպես արձագանքեց. «Խորոված ուտելն ուրիշ հարց է, է: Չի սիրում, ուշադրություն չի դարձնում գյուղին: Ո՞նց կարելի է ասել՝ գյուղացին կրթված չէ: Իսկ միգուցե, պարոն Փաշինյան, քո կողքի մանկլավիկները, որ ամեն ամիս պարգևավճար են ստանում… թե ինչի են ստանում, իրենք էլ չգիտեն: Եթե պարոն Փաշինյանի վերարկուն են բռնում, դա էլ է պատասխանատու աշխատանք, բայց այս երկրին ի՞նչ օգուտ են տվել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում