«Տիգրան Սահակյանը հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում ընդունել չարած բանը. նա ընտրում է պայքարի ճանապարհը». պաշտպան                      

Երեկ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ՔԿ-ի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի կողմից խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև ապացույցները կեղծելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ըստ ՔԿ հաղորդագրության՝  2003թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարը  /վարչության պետ/, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը գնահատված արժեքից էականորեն ցածր՝ ընդամենը 22.500.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել է նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Սահակյանի օգտին, որից հետո վերջինը, վճարելով նշված գումարը, ձեռք է բերել նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Նշվում էր նաև, որ Տ. Սահակյանը դատարանին ներկայացրել է կեղծ ապացույցներ, այն է՝ 10.02.2004թ. կնքված պայմանագրերի փոխարեն՝ ներկայացրել է 10.02.2003թ. կնքված կեղծ պայմանագրեր:

Այս պահին գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս և ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նշված այլ հանգամանքների վերաբերյալ 168.am-ը զրուցեց Տիգրան Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանի հետ:

– Ի՞նչ մեկնաբանություն կարող եք ներկայացնել Տիգրան Սահակյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ: Ձեր պաշտպանյալն ընդունո՞ւմ է դրանք:

– ՔԿ հաղորդագրությունը, ի զարմանս ինձ, ահագին ուշացած է, որովհետև մոտ արդեն 6 ամիս տևած նախաքննությունից հետո գործի քննությունը մի քանի օր առաջ ավարտվել ու արդեն ուղարկվել է դատարան: Մեղադրանքները չենք ընդունում ու հստակ 2 հարցաքննությունների ընթացքում այդ կապակցությամբ դիրքորոշումներ հայտնել ենք: Բացի դրանից, Տիգրան Սահակյանի կողմից այդ ամեն ինչը հարցաքնությունների ընթացքում արձանագրվել և գնահատվել է՝ որպես իրենց ընտանիքի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների բաղկացուցիչ մաս, որովհետև այն աստիճանի աբսուրդ մեղադրանքներ են, որ նույնիսկ ինչ-որ տեղ իրավաբանների համար են անհասկանալի:

– Նկատի ունեք «Աջափնյակ» ունիվերսամի շենքի սեփականաշնորհման պատմությո՞ւնը, թե՞ այն, որ ըստ էության ստացվում է, որ նա «ստիպել է» կեղծ փաստաթուղթ տրամադրել, ու այն ներկայացրել է դատարան:

– Մեղադրանքում ստիպելու վերաբերյալ որևէ խոսք չկա, այնտեղ այլ ձևակերպումներ են, թե իբր Տիգրան Սահակյանը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել: Ինքներդ դատեք, թե որքանով է դա իրական, եթե անձը՝ Տիգրան Սահակյանը, դատական նիստերին չի մասնակցել, անձամբ հայցադիմում չի կազմել ու չի ներկայացրել, դատարանում ցուցմունք չի տվել: Այս պահին անձին մեղսագրում են, որ ինքը դատարան կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, բայց ինչպե՞ս…

– Նշվում էր, որ ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա՝ դատարանն ի օգուտ Տիգրան Սահակյանի կայացրել է վճիռ:

– Տեսեք, մինչև այսօր մենք չունենք բեկանված դատարանի վճիռ, այսինքն՝ այն ժամանակ դատարանի կայացրած որոշումը դեռևս ուժի մեջ է:

– Իսկ Տիգրան Սահակյանն այն ժամանակ փաստաբան ունեցե՞լ է:

– Այն ժամանակ օրենքն այնպիսին էր, որ փաստաբան կարող էր չլինել, բայց լիներ իրավաբան: Բնականաբար, դատական ակտում նշված է, թե ով է եղել Տիգրան Սահակյանի ներկայացուցիչը, ով է եղել դատավորը: Բայց կրկնեմ, այսօրվա դրությամբ մենք չունենք բեկանված դատական ակտ, այն դեռ օրինական ուժի մեջ է: Սա արդեն զավեշտի է հավասարվում:

– Իսկ միգուցե հաղորդագրությունում նշված այդ «կեղծ» փաստաթուղթը ներկայացուցի՞չն է ներկայացրել դատարան, թե՞ դա էլ եք բացառում:

– Մենք հույս ունեինք ու ակնկալում էինք, ու վարույթն իրականացնող մարմնին էլ ենք ասել, որ ակնկալիք ունենք՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կկատարվի, բայց ամեն դեպքում ականատես եղանք այլ բանի, որ հապճեպ, 6 ամսում քննություն կատարեցին ու գործն ուղարկեցին դատարան: Տիգրան Սահակյանը նույնպես գրել է, որ ինքը չի վստահում վարույթն իրականացնող մարմնին, և փաստորեն մեր հետագա բոլոր միջնորդությունները պետք է ներկայացնենք դատարանում, քանի որ այս որակի քննություն կատարելուց հետո մի հատ էլ ձևական միջնորդություն ներկայացնենք, որ նրանք մերժեն, անիմաստ ենք համարում:

– Այսինքն՝ իրեն մեղսագրվող արարքները Տիգրան Սահակյանը չի ընդունում:

– Իհարկե չի ընդունում: Նրան ներկայացված մեղադրանքների վաղեմության բոլոր ժամկետներն անցել են: Եթե Տիգրան Սահակյանն անօրինական քայլեր կատարած լիներ, սա կատարյալ պայման էր իր համար, որ նա վաղեմության ժամկետն անցնելու հիմքով միջնորդեր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեր: Սակայն անձը հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում ընդունել չարած բանը: Տիգրան Սահակյանն ընտրում է պայքարի ճանապարհը, և մենք էլ լիահույս ենք, որ դատական քննության ընթացքում, վերջիվերջո, օբյեկտիվ իրականությունը կբացահայտվի:

– ՔԿ հաղորդագրության մեջ կա նաև Տիգրան Սահակյանի եղբոր՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանի անունը: Ի՞նչ առնչություն ունի նա այս գործի հետ:

– Արման Սահակյանն այդ գործի հետ առհասարակ որևէ առնչություն չունի: Ուղղակի երևի շոուն ավելի լավ ստացվելու համար են նրա անունը ևս նշել: Արման Սահակյանն այս գործով հարցաքննվել է, բայց գործը դատարան է ուղարկվել, և որևէ կարգավիճակ այս գործով Արման Սահակյանը ձեռք չի բերել: Երևի ՔԿ-ում հուզող հարցեր ունեին, ու իմ կարծիքով՝ Արման Սահակյանն այդ հարցերին սպառիչ պատասխան տվել է:

– Գործը, փաստորեն, դատարանում է, և Տիգրան Սահակյանն ըստ էության մեղադրյալի կարգավիճակ ունի:

– Այո, մի քանի օր առաջ գործի ավարտ հայտարարվեց, և Տիգրան Սահակյանն այս գործով մեղադրյալ է:

– Ի՞նչ խափանման միջոց է ընտրված նրա համար:      

– Ստորագրություն:

– Ո՞ր դատավորին է մակագրվել գործը:

– Դեռ տեղյակ չենք: Այս պահին ծանոթանում ենք 6 հատորանոց ծավալուն գործի նյութերին, Դատալեքսով հետևում ենք ամեն օր, դեռ դատավորի անունը հայտնի չէ մեզ:

– Պատշաճ ժամկետ տրվե՞լ է գործի նյութերին ծանոթանալու համար:

– Այո, այդ առումով խնդիր չունենք: Ի սկզբանե  հայտարարել էինք, որ մեզ ժամանակ պետք է միջնորդություններ ներկայացնելու համար, ինչը մենք հիմա չենք անում նախաքննական մարմնին չվստահելու պատճառով:

– Գործով կալանավորված անձինք կա՞ն:

– Կալանավորված անձինք չկան, բայց որքան ես եմ հասցրել ծանոթանալ նյութերին, այս գործով նաև քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ էլ են անցնում: Բացի դրանից, ամբողջ քննության ընթացքում մենք երևի թե 2 անգամ, անձամբ Տիգրան Սահակյանի հարցաքննության ընթացքում գրավոր բլանկի վրա միջնորդություն ենք ներկայացրել, որ, եթե կան ցուցմունքներ, որ իր դեմ են, այսինքն՝ կա անձ կամ անձինք, ովքեր վկայել են իր դեմ, մեղադրել հանցագործության մեջ, նրանց հետ կազմակերպվեն առերեսումներ, չնայած դա կազմակերպելը քննիչի պարտականությունն է:

– Չե՞ն եղել առերեսումներ:

– Չեն եղել, ու դրա համար երկու տարբերակ կա. Մեկը, որ քննիչն անգործություն է դրսևորել, ինչին ես չեմ հավատում, որովհետև, անկախ կատարած քննության որակից, նա բավականին պրոֆեսիոնալ քննիչ էր: Ես ավելի շատ հակված եմ երկրորդ վարկածին, որ պարզապես չկա անձ, որ վկայել է Տիգրան Սահակյանի դեմ, հետևաբար՝ առերեսման կարիք էլ չկա: Ահա այսպիսի հում, թերի քննված գործն են ուղարկել դատարան:

Տեսանյութեր

Լրահոս