«Այս փաթեթի «ամենածանր» հրետանին Քրեական օրենսգրքում նախատեսվող լրացումն է». Վահե Գրիգորյան

Երեկ սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սա վերջին արտակարգ դրությունն էր, բայց այս իրավական ռեժիմին դեռ երանի եք տալու. այն, ինչ փոխարինելու է սրան, իրապես կարող էին հեղինակել միմիայն Դանթեի «Աստվածային կատակերգության» 8-9-րդ շրջանների մշտական գրանցում ունեցող բնակիչները»:

Նա նշել էր, որ մանրամասն ուսումնասիրել է ամբողջ փաթեթը և այնտեղ նկատել չափազանց շատ հայեցողական լիազորություններ, չափազանց կոպիտ վարչարարություն, անհամաչափ պատիժներ և տուգանքներ, իրավունքների սահմանափակման համաչափության և որոշակիության սկզբունքների ուղղակի աննկարագրելի խախտումներ, այլ հակասություններ Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների/ազատությունների հետ և դրանց անխախտելի էության հետ:

168.am-ը թեմայի շուրջ զրուցեց Վահե Գրիգորյանի հետ:

– Ձեր գրառման մեջ լուրջ մտահգություն կար՝ կապված արտակարգ դրության իրավական ռեժիմին փոխարինելու եկող օրենսդրական փաթեթի հետ: Ինչո՞ւ եք նման ահազանգ հնչեցնում:

– Ունենք իրավիճակ, երբ պետք է փաստեմ, որ հակասահմանադրական արտակարգ դրության և դրա` իրավունքի հիմնարար սկզբունքներն ապօրինի սահմանափակող ռեժիմը դառնալու է չարյաց փոքրագույնը, իսկ կարանտին սահմանելու լիազորություն ստանալու են թե ՀՀ կառավարությունը, թե մարզպետները և դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող անձինք: Ընդ որում` կարանտին ստանալու որոշման մեջ նշվելու են նաև անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը, ինչպես նաև անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները կամ, կարճ ասած` ով ինչ դիմակ ու ալկոգել է «կրելու» և «օգտագործելու», և ո՞վ է դրա համար տուգանելու:

– Կարո՞ղ են նաև կրկին հավաքների ազատությունը սահմանափակել:

– «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում այս փաթեթով նախատեսվել են դրույթներ, որոնք թույլ են տալու հավաքները և հանրային միջոցառումները սահմանափակել կամ արգելել: Հարկ եմ համարում հիշեցնել, որ մարտի 16-ից բարձրաձայնել եմ, որ հավաքներն ու ազատություններն առհասարակ չեն կարող արգելվել ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի ուժով, որը թույլ է տալիս հիմնարար իրավունքները և ազատությունները օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը: Իհարկե, 5 ամիս պահանջվեց, մինչև միտքը վերջապես ընկալվեց պարետատան կողմից, և օգոստոսին ուղղվեց այդ հակասահմանադրական կարգավորումը, որով հավաքներն արգելված էին, բայց ահա նախագծում տեսնում ենք հավաքներ ու հանրային միջոցառումներ արգելելու լիազորություն, այսինքն՝ կրկին հակասահմանադրական կարգավորում: Լավ, մի՞թե այդքան դժվար է «արգելել» բառը չօգտագործելը: Իհարկե, հասկանում եմ նաև, որ իշխանությունը քաղցր վայելք է, ու ոմանց համար շատ դժվար է ազատվել հարկադրանքի լեզվով իշխելուց և պահպանել Սահմանադրության ոգին, չնայած զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ սահմանադրության այսպիսի կոպիտ ոտնահարումներից:

– Դիմակներ կրելու մասով տուգանքները կրկին օրախնդի՞ր հարց են լինելու:

– Դիմակների ու այլ իբր թե պաշտպանիչ միջոցների հարցում տուգանքները մնացել են. մարդիկ չեն ուզում հասկանալ, որ դիմակ կրելու պարտականության սահմանումը Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված ազատ գործելու իրավունքի սահմանափակում է, ոչ թե ազատ տեղաշարժի: Չեն հասկանում, և վերջ: Հասկանալու համար էլ գիտելիք ու տրամաբանություն է անհրաժեշտ. թե ո՞րն է բացակայում` դժվարանում եմ ասել: Բայց ուշագրավ է, որ տուգանքների մեջ ավելացել է «Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու» համար նախատեսված 10 հազար ՀՀ դրամ տուգանքը, իսկ այս որոշակիության սկզբունքը խախտող ձևակերպման հետևանքով, չեմ բացառում, երբ անհամաչափ ուժ կիրառող ոստիկանությունը դիմակ չկրելու կամ սահմանված կարգով չկրելու համար 20000 ՀՀ դրամ տուգանք նշանակի: Փաստորեն, կունենանք իրավիճակ, երբ նախկինում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքի բարձրացման անհաջող փորձն այլ կերպ է կյանքի կոչվում:

– Տուգանքների անորոշությունը միայն դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքների՞ն է վերաբերում:

– Ոչ, իհարկե: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում հավաքների ու հանրային միջոցառումների կազմակերպման և անցկացման «սահմանափակումները և արգելքները խախտելու համար» նախատեսված է տարբեր տուգանքներ նշանակելու հնարավորություն, ինչը կրկին անընդունելի է: Օրինակ՝ եթե հավաքների դեպքում տուգանքը 50-200 հազար ՀՀ դրամ է, ապա հանրային միջոցառումների դեպքում՝ 50-100 հազար է, բայց հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելու համար 10 հազար ՀՀ դրամ է տուգանքը, իսկ հանրային միջոցառումների մասնակցելու սահմանափակումները խախտելու դեպքում`50-100 հազար ՀՀ դրամ: Սա ոչ միատեսակ մոտեցում է նույն հանրային միջոցառման նկատմամբ, տարբեր չափերի պատասխանատվություն միևնույն «հանրային վտանգավորություն» ունեցող արարքի համար: Սա անընդունելի է թե Սահմանադրության, թե վարչարարության տեսանկյունից: Լավ, քանի որ բազմիցս համոզվել ենք, որ Սահմանադրությունից գտնվում են մի քանի աստղային տարի հեռավորության վրա, բացատրեմ վարչարարության տեսանկյունից. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»: Տվյալ դեպքում հանրային միջոցառումը հավաք է, թե այլ բան, տարբերակման հիմք չէ, քանի որ հավաքը մյուս հանրային միջոցառումներից տարբերվում է զուտ հիմնականում քաղաքական իրավունք լինելու պատճառով ու հիմքով, և անձի վարակվելու հավանականությունը հանրային միջոցառման տեսակի հետ ընդհանրապես կապ չունի: Սա հերթական իրավական աբսուրդն է ու իրավունքի աղանդավորության հերթական ծնունդը:

– Բողոքարկման հնարավորություն նոր կարգավորումներով նախատեսվա՞ծ է:

– Այո, սակայն կրճատված են բողոքարկման ժամկետները: Կիրառված սահմանափակումների բողոքարկման համար ժամկետի կրճատումը և 10-օրյա ժամկետի հատկացումն ինքնին հակասելու է դատարանների մատչելիության Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված հիմնարար սկզբունք-երաշխիքին, քանի որ 10-օրյա ժամկետը բավարար չէ, որ անձը պատշաճ դիմում կազմի և ներկայացնի: Սա ապօրինությունները հանգիստ իրականացնելուն ուղղված դրույթ է, որը չի կարող ընդունելի լինել մասնագիտական հանրության կողմից:

– Ի՞նչ տուգանքներ կամ պատիժներ են նախատեսված կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար:

– Այս փաթեթի «ամենածանր» հրետանին Քրեական օրենսգրքում նախատեսվող լրացումն է, որով քրեականացվելու է կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում: Սա այնքան անորոշ ձևակերպում է, որ անձինք կարող են ազատազրկվել դիմակ չկրելու պատճառով, եթե թեստավորման արդյունքում պարզվի, որ նրանք կրում են այդ արհեստածին վիրուսը, իսկ մենք հաճախ ենք ականատես լինում, երբ թեստերը սխալվում են: Կամ, ինչպե՞ս է ապացուցվելու, որ հենց անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու արդյունքում է անձը վարակվել:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքում 23.03.20 կատարված լրացմամբ արդեն իսկ քրեականացվել է անձին Նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը, իսկ այս փաթեթի ընդունման դեպքում զուտ դե ֆակտո ստացվելու է հանցագործությունների համակցություն, կամ անձը փաստացի միևնույն արարքի համար կրկին է դատվելու, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով: Իսկ առկա ընդհանուր հակաիրավական կարգավորումները հանգեցրել են նրան, որ նախագիծը, բացի վերոգրյալ խնդիրներից, հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 39-րդ, 61-րդ, 78-80-րդ հոդվածներին:

Տեսանյութեր

Լրահոս