««Պատիվ ունեմ» ծրագրով 30 դատական հայց ենք ներկայացրել». Գեղամ Գևորգյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե ի՞նչ զարգացումներ կան բուհի դեմ ներկայացված 22 դատական հայցերի առնչությամբ, որոնցից 16-ն աշխատանքային վեճեր են: ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն ասաց, որ այդ դատական հայցերի թիվն ավելացել է:

«Ձեր ասած թիվը հնացել է, մոտ երկու անգամ ավելի շատ է: Վերջերս նաև մենք ենք հայցով դիմում դատարան, մոտ 30 հայց էլ մենք ենք ներկայացել: Դա կապված էր  «Պատիվ ունեմ» ծրագրի հետ, մարդիկ դիմել էին, հետո դուրս էին մնացել համալսարանից, ըստ պայմանագրի՝ պետությունն է նրանց գումարը վճարել, նրանք կրկնակի պետք է հետ տան:  Բայց, չգիտես ինչու, էդ փողը ստանալու պարտավորությունը դրված է համալսարանի վրա»,- ասաց Գևորգյանը:

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն դատական հայցերի թիվը չափազանց մեծ չի համարում: Նա նշեց, որ դատական գործընթացները միջինում ամենաքիչը 2 տարի են տևում: Գևորգյանը պատմեց դատական գործերից մեկի մասին:

«Մարդն ազատվել է աշխատանքից, օրենքով, ծանուցվել է ժամանակին, բայց գիտե՞ք՝ ինչու է դիմել դատարան: Դրանից 5 տարի առաջ, երբ հերթական անգամ աշխատանքի էր ընդունվել, պայմանագիր էր կնքել, ծանուցում չի ստացել, որ ընդունվել է աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել է, չի հարցրել՝ էս ի՞նչ գործի համար են ինձ էս գումարը տալիս: Օրենքով ինքը ճիշտ է, պետք է ստանար ծանուցումը»,- ասաց Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս