««Պռոշյան կոնյակի գործարան»-ում պայթել էր մեկ 30 տոննայանոց գինու ռեզերվուար». Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ
«Մեր կողմից միանգամից տրվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան». այսօր Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում բռնկված հրդեհի մասին ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը: Նա հայտնեց, որ ահազանգ են ստացել, թե պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել գործարանում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կատարվել են հրդեհաշիջման և տարհանման աշխատանքներ:
«Հրդեհի մարման հետ մեկտեղ՝ դուրս է բերվել երկու դի: Նախքան փրկարարների դեպքի վայր հասնելը 4 տուժածներին շտապ օգնության մեքենաները տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև տեղեկացանք, որ տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանական կենտրոն: Մեր աշխատանքների իրականացման վայրից 11 մարդ է տարհանվել: Այնուհետև Ոստիկանությունը գործարանի տարածքից բոլորին դուրս է հրավիրել»,- ասաց Մարգարյանը:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Պռոշյան կոնյակի գործարանի» տնօրեն Արմեն Գասպարյանը տեղեկացրել էր, որ իրենց նախնական վարկածով պայթյունի պատճառը զոդման աշխատանքներն են եղել: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք պատճառները դեռ չգիտեն, նախաքննություն է ընթանում: Փրկարարական ծառայության գնդապետը նաև նշեց, որ կանխվել է հրդեհի հետագա տարածումը:
«Պայթել էր մեկ 30 տոննայանոց գինու ռեզերվուար, որին կից կային 11 հատ նույնպես 30 տոննայանոց և 20 հատ 8 տոննանոց ռեզերվուարներ: Հարակից շինությունը սպիրտի արտադրամասն էր, գինու, որտեղ կար պահեստավորած սպիրտ և գինի, կողքը պահածոների արտադրամասն էր: Կանխվել է հրդեհի տարածումը, հետագա պայթյունը հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Այս պահին իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Մարգարյանը:
Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետի տեղեկություններով՝ մահացածներից մեկը շինարար է, մյուսը մասնաճյուղի տնօրենն է: