Բաժիններ՝

«Այս ամենը քող և շղարշ է երևույթի դեմ պայքար ցույց տալու համար: Ուզում են ինչ-որ պայքարի պատրանք ստեղծել». «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի պաշտպան

Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը:

Մկրտչյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Այս մասին երեկ տեղեկացանք Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` ՔԿՀ պետ Մկրտչյանը Հ. Ա.-ին և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում՝ Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող` վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Սամվել Մկրտչյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ավելի ուշ հայտարարեց, որ իր պաշտպանյալի ձերբակալման հիմքերն ու նպատակը բացակայում են, ու այդ  մասով ինքը բողոք է ներկայացնելու դատարան:

168.am-ն այսօր զրուցեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ ընթացք ունի բողոքի քննությունը:

-Մենք բողոքը գրել ենք ու մուտք ենք արել դատարան: Պետք է քննվեր երեկ՝ ժամը 23:00-ին, սակայն դատարանից մեզ տեղեկացրին, որ վարույթն իրականացնող մարմնի հետ չեն կարողանում կապ հաստատել, հետևաբար՝ քննությունը հետաձգվել է ու կկայանա այսօր՝ ժամը 18:00-ին: Միևնույն ժամանակ այսօր՝ ժամը 15:00-ին, մեզ հրավիրել են ՀՔԾ՝ քննչական գործողությունների կատարման նպատակով:

– Ի՞նչ գործողություններ են դրանք:

– Այս պահին չեմ կարող ասել, քանի որ ծանուցագիր մեզ չի տրվել, պարզապես հեռախոսազանգով է քննիչը կանչել:

– Սամվել Մկրտչյանը դեռ հրաժարվո՞ւմ է ցուցմունք տալուց:

– Ոչ, ցուցմունք չի տալիս, նաև որևէ գործողության չի մասնակցում:

– Իսկ մեղադրանք նրան արդեն առաջադրվա՞ծ է:

– Ոչ: Ենթադրում եմ, որ այսօր հրավիրել են մեղադրանք առաջադրելու: Չեմ կարող ենթադրել՝ ինչ հոդվածներով: Կտեսնենք, ժամը 15:00-ին կգնանք, պարզ կլինի:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ նա չի ընդունի իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները:

– Անկախ մեղադրանքի բնույթից, բովանդակությունից, անկախ հոդվածից, եթե անձը որևէ հանցագործություն չի կատարել, հետևաբար՝ չի կարող ընդունել նաև իրեն առաջադրված ցանկացած մեղադրանք:

– ՀՔԾ-ում ինչպե՞ս են մեկնաբանում դեպքից 6 ամիս անց Սամվել Մկրտչյանին ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու հանգամանքը:

– Շատ ճիշտ հարց եք տալիս: Հենց այդ հարցի պատասխանն ենք մենք ուզում գտնել, բայց դեռ մինչև հիմա չենք գտել: Պաշտպանական կողմը, իհարկե, գիտի՝ որն է պատճառը, որ հիմա են այս գործողություններն այսպես ակտիվացել, սակայն մենք այդ պատասխանը վարույթն իրականացնող մարմնից պետք է ստանանք և իրավական տեսքով ստանանք, ու դեռևս չենք ստացել: Դրա վերաբերյալ ես լրացուցիչ ինֆորմացիա տալու եմ:

– Ենթադրում եք, որ քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարի շրջանակներո՞ւմ է այսօր այդ գործը նորից գլուխ բարձրացրել:

– Ես լրացուցիչ, համապարփակ ինֆորմացիա այդ մասին տալու եմ: Այս պահին ավելի շատ հակված եմ, որ այդ ամեն ինչը քող և շղարշ է երևույթի դեմ պայքար ցույց տալու համար: Ուզում են ինչ-որ պայքարի պատրանք ստեղծել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս