«Ի՞նչ է նշանակում՝ նախկին. կներեք, որ նախկինում չենք լքել պետությունը և աշխատել ենք, ներողություն ենք խնդրում դրա համար». Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դոցենտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ հոգաբարձուների խորհրդում ԿԳՄՍ և կառավարության ներկայացուցիչները գործում են նախապես մշակված սցենարով, առաջնորդվում են խնդրանքով կամ հրահանգով:

«Մարդը ոչ թե գործում է իր խղճի, համոզմունքների հիման վրա, այլ ելնելով ինչ-ինչ նկատառումներից: Մինչև նիստը (նկատի ունի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը.- Ռ.Մ.) այս կասկածները կային, բայց նիստի ընթացքը դա պարզ ցույց տվեց. ինչպե՞ս եղավ, որ նույն անձին հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեցին 18 հոգի, որոնցից 16-ը՝ արտահամալսարանական, այսինքն՝ կառավարության և ԿԳՄՍ բոլոր ներկայացուցիչները միաձայն, ի հեճուկս իմ կողմից ներկայացված փաստարկների, ուսանողների կողմից բարձրացված հարցերի, ընտրեցին նրան»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների վերջին նիստի ժամանակ Մենուա Սողոմոնյանն առաջարկեց դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները: Նրա առաջարկը չընդունվեց: Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյանը:

Մենուա Սողոմոնյանը նկատեց՝ համալսարանական ներկայացուցիչների մեծ մասի ձայնն այդտեղ չլսվեց:

«Այսօրվա նախարարության ղեկավար անձնակազմի և գուցե մեր՝ համալսարանականներիս մի մասի կարծիքներն ինքնավարության վերաբերյալ տարբերվում են: Նախարարության մեջ ինքնավարությունն ավելի ուզում են ակադեմիական ոլորտում տեսնել, մինչդեռ ինքնավարությունն ունի մի քանի հենասյուներ: Բայց դրանից բացի, շատ կարևոր հանգամանք է նաև ֆինանսական ինքնավարությունը, շատ-շատ կարևոր հանգամանք է նաև կազմակերպական ինքնավարությունը, այսինքն՝ երբ բուհին թույլ ես տալիս իր կամքով, իր ձևով, իր ավանդույթի և մշակույթի շրջանակում կազմավորի իր կառույցները, ընտրի իր կառույցների մարդկանց: Այս հարցը կարծես աչքաթող է արվում: Եվ եթե նախորդ իշխանությունների ժամանակ գոնե բոլորս գիտեինք, որ կազմակերպական ինքնավարությունը չկա, այդուհանդերձ, նախկինում չէին ասում՝ կա, ապահովում ենք, երաշխավորում ենք, իսկ հիմա ասում են՝ կա, ապահովված է, երաշխավորված է, բայց իրականությունը չի խոսում այդ մասին: Փորձը ցույց է տալիս, որ կազմակերպական ինքնավարությունը, որը շատ կարևոր է, և առանց որի հնարավոր չէ ապահովել ինքնավարության մյուս կարևոր հենասյուները, չկա»,- ընդգծեց նա:

Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ հոգաբարձուների խորհրդի արտահամալսարանականների մի մասին նայելով՝ դժվար է հասկանալ նրանց և համալսարանի միջև կապը. «Թույլ տվեք՝ չանձնավորել, որպեսզի վիրավորական չլինի: Մարդիկ կան, որ ոչ համալսարանում սովորել են կամ էպիզոդիկ են սովորել, այսքան տարի համալսարանում աշխատելով՝ չեմ տեսել նրանց և համալսարանի համագործակցությունը»:

Նրա խոսքով՝ երբ բարձրաձայնում է խնդիրների մասին՝ իրեն անվանում են նախկին.

«Ի՞նչ է նշանակում՝ նախկին: Ինձ նախկին են անվանում՝ նկատի ունենալով, որ նախորդ ռեկտորի աշխատակազմում աշխատել եմ, խառը ժամանակներում չեմ փախչել»:

Հետաքրքրվեցինք՝ այդ բաժանումն ո՞ւմ կողմից է արվում: «Ընդհանուր առմամբ, երբեմն-երբեմն լինում է, բայց հոգաբարձուների խորհրդի նախագահը Հանրային հեռուստաընկերության եթերում այդպիսի արտահայտություն արեց, որ իր նշանակումից դժգոհ էին նախկինները: Հիմա բառերը հստակ չեմ հիշում, բայց այդ բաժանումն արվեց: Ըստ էության, այդ նախկինը ես էի: Ի՞նչ է նշանակում՝ նախկին՝ չգիտեմ: Կներեք, որ նախկինում չենք լքել պետությունը և աշխատել ենք, ներողություն ենք խնդրում դրա համար»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մենուա Սողոմոնյանը նշեց, որ համալսարանի ռեկտորի ընտրությունը շատ կարևոր է. «Դա պետք է տեղի ունենար նախորդ տարվա աշնանը: Ձգձգվեց, որովհետև կուլիսների հետևում՝ ոչ համալսարանում, չէր որոշվել, թե ով պետք է լինի ռեկտոր: Այսինքն՝ դրսում որոշումը կայացվում է, թե ով պետք է լինի ռեկտոր, հետո շղարշ ապահովելով՝ կազմակերպվում է դա: Նախորդ խորհրդի մեջ արտահամալսարանական շատ մարդիկ կային, որ սկսել էին հետաքրքրվել, ծրագրեր ուսումնասիրել, կարծես թե երևում էր, որ ոչ բոլորն է, որ պետք է հետևեն նախարարության ցուցմանը, հրահանգին՝ իրենց ընտրության հարցում, և առաջին հերթին դրանով էր պայմանավորված: Թե չէ՝ եթե կամքը լիներ անցկացնելու, անհնար էր՝ դա չկազմակերպվեր»:

Հարցին՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը համալսարանի վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունեցել, նա պատասխանեց, որ դժվարանում է համալսարանի համար արված որևէ դրական քայլ, նախագիծ հիշել. «Ինչ վերաբերում է բացասականին, ապա նախարարության և համալսարանի միջև սկզբնական շրջանում կային հակամարտություններ, տարբեր բացասական ձևակերպումներ, հայտարարություններ, որոնք լուրջ հիմքեր չեն ունեցել, երկակի ստանդարտներ: Եկեք՝ կոնկրետ անձը չնշենք, բայց հենց նախարարությունից դուրս են գալիս պիտակավորումներ՝ համալսարանում գործունեություն ծավալող, համալսարանում ղեկավարման հավակնություններ ցուցաբերող մարդկանց վերաբերյալ, նրանց կապում են տարբեր քաղաքական գործիչների հետ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս