«Չեմ կարծում, թե այս հասկանալի իրավիճակը պետք է պարբերաբար շահարկել». Մանե Գևորգյան

Սարդարապատի հուշահամալիրում հուլիսի 28-ին տեղի ունեցավ հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ և ԱՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետը պարգևատրում է Տավուշի մարտերի ակտիվ դերակատարներին, ինչն անհրաժեշտ է և շատ ողջունելի, սակայն  ոչ մի հրավեր չի եղել, և այդ արհամարհանքը պառլամենտի պատիվը չէ, այլ՝ Կառավարության գլուխն անցած իշխանության:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ, երբ իշխող ուժը վարչապետի գլխավորությամբ Սարդարապատում հարգանքի տուրք էին մատուցել մեր հերոսներին, կրկին որևէ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ ներկա չէր եղել:

Այն ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում  պարզաբանել  էր, որ որևէ միջոցառում չի անցկացվել, որ հրավեր լիներ, իսկ եթե նրանք դիմեին, գուցե հնարավոր լիներ տարբեր ժամերի, առանձին-առանձին կազմակերպել նրանց հուշահամալիր այցը:

Այն ժամանակ էլ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր  ֆեյսբուքյան իր էջում գրել․

«Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար: Քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը ևս ոչ մի հրավեր չի ստացել.

«Եթե նախորդ անգամ՝ մայիսի 28-ին, ասում էին՝ միջոցառում չէր կազմակերպվել, ապա այս անգամ ի՞նչ էր, եթե ոչ՝ միջոցառում: Ինձ թվում է՝ վարչապետի մամլո խոսնակի պատկերացումները միջոցառումների մասին մի քիչ տարօրինակ է»:

Իսկ  վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը 168.am-ի  հարցին, թե ինչո՞ւ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ պատգամավոր չի հրավիրվել Սարդարապատում տեղի ունեցած միջոցառմանը, պարզաբանել էր.

«Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել սահմանափակ թվով անձինք՝ կապված կորոնավիրուսի հետ։ Ազգային ժողովից մասնակցել է ԱԺ նախագահը և ԱԺ Պաշտպանության, անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը։ Վերջինը հասկանալիորեն որպես ոլորտային պաշտոնյա է ներկա գտնվել միջոցառմանը։ Մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները պատշաճ ներկա են գտվել պետական մակարդակով նշվող տարբեր միջոցառումների, իսկ երբ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցվեցին, միջոցառումների մասնակիցների շրջանակը ևս փոփոխվեց։ Չեմ կարծում, թե այս հասկանալի իրավիճակը պետք է պարբերաբար շահարկել՝ իբր խտրականություն որոնելով մի տեղ, որտեղ այն չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31