«Խոսքը կոնցեպտուալ կամ ընդհանուր օդուժի զարգացման մասին է, ոչ թե միայն կործանիչների». Արծրուն Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Դեռևս առաջին խմբաքանակի ձեռքբերումից հետո (4 միավոր) ռազմական փորձագետները վստահեցնում էին, թե մեզ անհրաժեշտ է 8-12 միավոր: Մյուս կողմից, ասվում էր, որ այս դեպքում պահպանման և սպասարկման մեծ ծախսերի խնդիր ենք ունենալու, երկրորդ՝ աերոդրոմների ցանցի ստեղծման: Ավելի կոնկրետ՝ մեզ պետք են և՛ բաց, և՛ քողարկված աերոդրոմներ, ինչը ևս բավականին լուրջ ծախսերի հետ է կապված:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Սու-30 կործանիչների ձեռքբերումը պլանավորելիս ի սկզբանե հաշվարկված էր՝ պետք է ունենալ մեկ ստորաբաժանում, տվյալ դեպքում՝ էսկադրիլիա: Սու-30-ների հնարավորությունները, բնականաբար, մեկ էսկադրիլիայով բավականին մեծ են, քան 4 միավորով: Ինչ վերաբերում է սպասարկման ծախսերին, աերոդրոմների ցանցին, կադրերին և այլն, այդ ամեն ինչը, մեծ հաշվով, ի սկզբանե նախատեսվել է: Ավելին, ծախսերը նվազում են, եթե դու ունենում ես ամբողջական ստորաբաժանում, ոչ թե 4 միավոր: Այդ առումով ավելի էֆեկտիվ է ունենալ էսկադրիլիա: Ի սկզբանե պլանավորված է եղել ունենալ 10-12 միավոր, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, պլանային գնում ենք դրան: Իհարկե, այս ամենն ունի բազում այլ խնդիրներ՝ քաղաքական, տնտեսական, ՌԴ-ի կողմից այդ կործանիչների արտադրության հնարավորության հետ կապված, քանի որ այն միաժամանակ նաև ռուսական օդուժում է սպառազինության մեջ վերցվում հենց այս պահին, որովհետև ինքը շատ գերժամանակակից ավիատեխնիկա է»,- նշեց Հովհաննիսյանը:

Օրերս Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր, ինչը չափազանց կարևոր հանգամանք է համարում ռազմական վերլուծաբանը:

«Այսինքն՝ այստեղ կարևորն այն է, որ խոսքը կոնցեպտուալ կամ ընդհանուր օդուժի զարգացման մասին է, ոչ թե միայն կործանիչների՝ դա կլինի գրոհիչ, կործանիչ, ԱԹՍ-ների զարգացում, այս ամենը պետք է հայեցակարգի մեջ նայել: Կործանիչն ուժեղ է նրանով, որ բազմաֆունկցիոնալ է, կոպիտ ասած, օդում ինքը տիրություն է անում և՛ գրոհիչին, և՛ իր կապի, կառավարման, հետախուզման հնարավորություններով աջակցում է անօդաչու թռչող սարքերին: Եվ բոլոր այս գործառույթները վերցնող միավորները միավորվում են, և դառնում է ընդհանուր օդուժի հայեցակարգ, մի զորատեսակ, որը կարողանում է լուծել և՛ հարձակողական, և՛ պաշտպանողական խնդիրներ, շատ արագ է արձագանքում ռիսկերին: Օդուժն այսօր աշխարհում այնպիսի զորատեսակ է ժամանակակից պատերազմներում, որ ԶՈւ ամբողջ մակարդակի համար՝ սկսած սովորական դասակից, կարողանում է խնդիր լուծել»,- շարունակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ մենք կենտրոնացել ենք օդուժի վրա, քանի որ այսօր օդային պատերազմների ժամանակաշրջա՞ն է, ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետը պատասխանեց, որ չէր ցանկանա նման ձևակերպում տալ, սակայն օդուժի՝ որպես զորատեսակ, դերակատարությունը չափազանց մեծ է:

«Մեր զինված ուժերում մյուս զորատեսակները ևս համընդհանուր զարգացման ռելսերի վրա են դրված: Մենք ունենք շատ հզոր հրետանային միջոցներ, դուք գիտեք, որ մեզ համար հրետանին շատ կարևոր էր ապրիլյան պատերազմում, դրանից առաջ, տավուշյան դեպքերի ժամանակ ևս հրետանին շատ մեծ գործ է կատարել: Եվ օդուժի հայեցակարգային լուծումները հենց բերում են նրան, որ շատ հաճախ դու կարող ես հասնել մի կետի, որից հետո հրետանին ևս դառնում է ընդհանուր օդային հարձակման միջոցների հայեցակարգի գործիք»,- շեշտեց ռազմագետը:

Ըստ նրա՝ այն, որ ռազմարդյունաբերության ոլորտում ևս, այսպես ասած, թիրախավորվել է օդուժը, դա նույնպես պետք է վերը նշված ընդհանուր տրամաբանության մեջ դիտարկել:

«Տավուշյան դեպքերից առաջ և հետո մենք շատ խոսեցինք, որ դրոններ ենք զարգացնում, էլեկտրոնային կամ թվային կառավարման սեփական համակարգերն ենք զարգացնում, այդ ամեն ինչը պետք է մեկ ներկապնակի մեջ նայել, ոչ թե առանձին վերցված՝ այս տեխնիկան կամ այն»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս