Բաժիններ՝

Կառավարության կողմից անգամ գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ռազմավարություն չի մշակվել. Սարգիս Սեդրակյան

ՀՀ կառավարության 2017–2022թթ․ ռազմավարական զարգացման ծրագրի 75-րդ էջի 3.5. «գյուղատնտեսություն» բաժնի 7-րդ գլխում գրված է՝ «… գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 2017-2022 թվականների ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնել գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ծրագիր: Կայանի աշխատանքների պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին` աշնանացանի հետ…»:

Սակայն «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մինչ օրս այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել։

«Կառավարության կողմից անգամ գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ռազմավարություն չի մշակվել։ ՀՀ գյուղական համայնքներում մեքենատրակտորային սպասարկման կայանների հիմնման նպատակն է՝ գյուղացիական տնտեսությունների համար մատչելի սակագներով գյուղատնտեսական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի և այլն), սպասարկումների վճարովի ծառայությունների իրականացումը։

ՀՀ-ում գյուղական համայնքներին սպասարկող մեքենատրակտորային կայանների հիմնումը կնպաստի երկրում գյուղական աղքատության և արտագաղթի կրճատմանը, գյուղերի և գյուղատնտեսության զարգացմանը, գյուղերում ապրելու և աշխատելու համար նորմալ պայմանների ստեղծմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը։

Նա նշեց, որ իր կողմից մշակվել է գյուղական համայնքներին սպասարկող մեքենատրակտորային կայանների հիմնման հայեցակարգ, որով, մասնավորապես, կառավարությանն առաջարկվում է ԵՄ և միջազգային այլ երկրների կողմից տրամադրվող դրամաշնորհային և վարկային ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆինանսական, վարկային կազմակերպությունների միջոցով աջակցել գյուղական համայնքներում մեքենատրակտորային կայանների հիմնման նպատակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու գործին, դիմել ՀՀ խոշոր դոնորին՝ ԵՄ-ին, և միջազգային այլ կառույցներին, ֆինանսապես աջակցելու մեր երկրին՝ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու գործում, հանրապետության որևէ գյուղական խոշորացված համայնքի տարածքում կազմակերպել և իրականացնել գյուղատնտեսական մեքենատրակտորային կայանի հիմնման փորձնական (պիլոտային) ծրագիր, նոր հիմնվող մեքենատրակտորային կայանների կողմից գյուղերում գյուղացիական տնտեսությունների համար իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ծառայություններն ազատել հարկային բեռից, բանակցել գյուղատնտեսական տեխնիկա արտադրող խոշոր ընկերությունների հետ և փոխշահավետ սկզբունքներով ընտրել միջազգային այն ընկերություններին, որոնք պատրաստակամություն կդրսևորեն հայկական շուկայում ծավալելու գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման և այդ տեխնիկայի սպասարկման ենթակառուցվածքներ ձևավորելու գործընթաց, հայտարարել մրցույթ, գտնել կառավարության հետ մեքենատրակտորային կայանների հիմնման գործում համատեղ ֆինանսական մասնավոր ներդրողներ և նրանց համար ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և դրանց արդյունավետ օգտագործման համար նպաստավոր պայմաններ։

«Մեքենատրակտորային կայանի կողմից իրականացվող վարի, ցանքի և այլ գյուղատնտեսական աշխատանքների սակագները սահմանում է կառավարությունը։ Մեքենատրակտորային կայանի կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների սակագները գյուղացիական տնտեսությունների համար կլինեն մատչելի։ Գյուղատնտեսական տեխնիկայի պարկի բարելավման համար, շատ կարևոր է պարզել, թե գյուղատնտեսության վարման ինչպիսի՞ ուղիով է պատրաստվում առաջիկայում զարգանալ մեր երկիրը, որովհետև հողերի միավորման (խոշորացման) տարբերակի կիրառման դեպքում նախընտրելի է կիրառել ավելի հզոր և աշխատանքային մեծ ընդգրկման լայնություն ունեցող գյուղտեխնիկա, իսկ ներկայիս փոքր, կտրտված հողակտորների տարբերակի շարունակվելու դեպքում նախընտրելի է կիրառել միջին հզորության և աշխատանքային փոքր ընդգրկման լայնություն ունեցող գյուղտեխնիկա:

Հայեցակարգում նկարագրված է, թե ինչպիսին պետք է լինեն հիմնվող մեքենատրակտորային կայանները, ինչպիսի խնամքի աշխատանքներ պետք է իրականացվեն, ինչպես պետք է օգտվեն մեքենատրակտորային կայանների ծառայություններից, ինչպես ընտրել կայանի գյուղատնտեսական տեխնիկայի կազմը, ինչպես ընտրել ժամանակակից նոր կամ քիչ օգտագործված, բայց լավ պահպանված գյուղտեխնիկա և այլն»,- մանրամասնեց Սարգիս Սեդրակյանը։

Նա նշեց, որ մեկ անգամ հանդիպել է էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին՝ տեղեկացնելով, որ ծրագրեր ունեն, ցանկանում են օգնել կառավարությանը:

«Ասացի, մասնավորապես, եթե ցանկանում եք, որ գյուղատնտեսության ոլորտում իսկապես հեղափոխություն լինի, ապա ճիշտ կլինի խոշորացված գյուղական համայնքներում հիմնել գյուղտեխնիկայի կայաններ, և մենք այդպիսի ծրագիր ունենք։ Ասաց՝ ես դա չեմ պատկերացնում, ինչպե՞ս պետք է դա արվի:

Ի պատասխան՝ ասացի, որ նախկինում ես աշխատել եմ «Գյուղտեխնիկա» միավորումում, որից հետո դասավանդել եմ «Գյուղմեքենաներ» առարկան, և իմ կողմից նախագծված նոր գյուղմեքենան անցել է պետական փորձարկումներ Մոսկվայում, Ուկրաինայի Կիրովագրադ քաղաքում։

Պայմանավորվեցինք, որ ես իրեն կուղարկեմ մեր ծրագրից որոշ նյութեր, և իրենք ինձ կկանչեն։ Ինչպես պայմանավորվել էինք, ես որոշ նյութեր ուղարկեցի, որը կարդալուց հետո ինքը էլի նյութեր ուզեց:

Բայց ես չէի կարող իմ գաղափարն ամբողջովին բացել նրա առջև, քանի որ չէր բացառվում, որ այդ դեպքում իմ նյութերը կվերցներ և կներկայացներ՝ որպես իր նոր գաղափար։ Դրանից հետո ինձ այլևս չկանչեցին»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս