Բաժիններ՝

41,542,000 դրամի պարգևատրում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 460 աշխատակիցներին

Երևանի  ավագանու 21.01.2020թ. որոշմամբ՝ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Ի սկզբանե նշվում էր, որ շուրջ 32 անուն հաստիք ունեցող ՀՈԱԿ-ը կունենա մոտ 500 աշխատակից, բայց կարծես թե դրանց թիվն այսօրվա դրությամբ ավելի մեծ է, իսկ ավելի ստույգ՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր թիվը 24.08.2020 թ. դրությամբ կազմում է  872 հոգի (որից 244-ը՝ սեզոնային աշխատողներ): Այս մասին 168.am-ի հարցմանը պատասխանել էին Քաղաքապետարանից:

Գրավոր հարցմամբ՝ խնդրել էինք նաև պատասխանել, թե որքա՞ն պարգևավճար են ստացել նշված ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին 3 ամիսներին, ցանկացել էինք, որ տրամադրեն ամբողջական ցանկը՝ անվանական, ըստ աշխատակիցների ստացած պարգևավճարների չափի:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահապանություն» ՀՈԱԿ-ի 460 աշխատակիցներ 2020 թ. ընթացքում պարգևատրում են ստացել միայն հուլիս ամսին՝ 41,542,00 դրամ գումարի չափով:

Աշխատողների վարձատրության չափը համարվում է անձնական տվյալ և պաշտպանված է օրենքով: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի  134 հոդվածի նորմերի՝ գործատուն իրավունք չունի աշխատողների անձնական տվյալները հայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության: Նաև տեղեկացում ենք, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները չեն համարվում համայնքային ծառայողներ՝ համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների: Հաշվի առնելով վերոհիշյալը, պարգևատրման անվանական ցանկը տրամադրել չենք կարող»,- նշված էր Քաղաքապետարանից ստացված պատասխանի մեջ:

Կից աղյուսակով ներկայացված էր նաև ՀՈԱԿ-ի աշխատակիցների պարգևատրման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում սակայն, չգիտես ինչու, իրենց ապահովագրել ու որոշել էին, որ թեման կարող է շահարկվել:

«Հետագա անհարկի շահարկումները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով հատուկ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ ՀՈԱԿ-ի տնօրենը, տեղակալները և գլխավոր հաշվապահը որևէ պարգևավճար մինչ օրս չեն ստացել»,- նշված էր Քաղաքապետարանից ստացված պատասխանի ամենավերջում:

Հատուկ շեշտում ենք, այո, ՀՈԱԿ-ի տնօրենը, տեղակալները և գլխավոր հաշվապահը որևէ պարգևավճար մինչ օրս չեն ստացել, ինչպես և գրված էր քաղաքապետարանից ստացված պատասխանում, թեպետ, եթե ընդամենը մեկ անգամ են աշխատակիցները պարգևատրվել և այն էլ՝ հուլիս ամսին, ի՞նչ է նշանակում «մինչ օրս» արտահայտությունը, այնքան էլ հասկանալի չէ:

Բայց մի ուշագրավ հանգամանք, այնուամենայնիվ, չվրիպեց մեր ուշադրությունից: Եթե ՀՈԱԿ-ն ունի 872 աշխատակից, և դրանցից 244-ը սեզոնային աշխատողներ են, ու ենթադրաբար՝ վերջինները չեն պարգևատրվի, ոչ սեզոնային, ասել է թե՝ հիմնական աշխատակիցների թիվը 628 է: Այս 628-ից, սակայն, պագևատրվել են միայն 460-ը: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ չեն պարգևատրվել մնացած 168 աշխատակիցներն այն դեպքում, երբ 41,542,00 դրամ գումարի չափով պարգևատրման ֆոնդից, օրինակ, տարածքային ստորաբաժանումների 7 ղեկավարներից յուրաքանչյուրը ստացել է 325 000-ական դրամ, գլխամասի 3 աշխատակիցներից ամեն մեկը՝ մոտ 231 600 դրամ:

100 000 դրամից ցածր պարգևավճար տրվել է միայն 338 այգեպան-բանվորներին. Նրանք ստացել են մոտ 75 000 դրամ գումարի չափով պարգևատրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս