«Ասում է՝ աշխարհի կենտրոնը ես եմ, իրեն թվում է, թե գլոբուսն իր շուրջն է պտտվում». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Ցավոք սրտի՝ վատ ավանդույթները մեզանում 2 տարի ձևավորվում են, հասարակությանը մերոնց-ձերոնց բաժանելու, սևերի ու սպիտակների, քայլածների ու չքայլածների բաժանելու վատ միտումը, ցավոք սրտի, դեռ շարունակվում է, սա արվում է միտումնավոր»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

««Բաժանիր, որ տիրես» սկզբունքն այսօր նույնպես գործում է, հասարակությանը բաժանում են մասերի, որպեսզի կարողանան հեշտ կոնտրոլ անել և խամաճիկի պես թելիկները քաշել, բայց ով աչք ունի՝ տեսավ, ով ականջ ունի՝ լսում է, հասկանալի է, որ այլևս այս իշխանությունն ինչ էլ որ անի, որքան էլ որ շողոքորթի ժողովրդին, որքան էլ փորձի գնալ պուպուշ երևալ, որքան էլ փորձի գնալ գյուղերում տատիկներին քաղցրավենիք բաժանի, որ սուրճի հետ խմեն, 90-ն անց տատիկին քաղցրավենիք է բաժանում, որ սուրճի հետ խմեն, այդ շողոքորթությունները, այդ երեսպաշտությունը, ձևականություններն այլևս չեն աշխատում, որովհետև 2 տարի առաջ, երբ նրան տրվեց վարչապետի պաշտոնը, և՛ ժողովրդի կողմից, և՛ սորոսականների, և՛ ԼԳԲՏ-ների, և՛ հազար ու մի աղանդների կողմից այդ պաշտոնն իրեն տրվեց, վարչապետի պաշտոնը գրավեց և իշխանազավթում տեղի ունեցավ, այդ ժամանակ ինքը չէր եկել այն խոստումներով, որ՝ պուճուր բալիկներ, ձեզ կոնֆետ եմ բաժանելու, և ծեր տատիկներ, ձեզ քաղցրավենիք եմ բաժանելու:

Ինքը հոխորտում էր, որ հեղափոխություն է անում, իրականում սա խեղափոխություն է: Ինքը խեղաթյուրում է այն ամբողջ իրականությունը, հարստությունը, որ 30 տարի շարունակ մենք, որպես քաղաքական ուժ, ժողովուրդ՝ կայացրել ենք, քարը քարին ենք դրել՝ որպես պետություն, հիմա ինքը եկել, սրանք քանդում է և ասում է՝ աշխարհի կենտրոնը ես եմ, այդ գլոբուսը, որ պտտվում է, իրեն թվում է, թե իր շուրջն է պտտվում»,- ասաց նախկին պատգամավորը:

Եսայանի խոսքով՝ բարեբախտաբար, հասարակության աչքերն արդեն բացվել են, սակայն զարմանում է, որ դեռ հանդուրժում են այս խեղկատակությունը.

«Հույս ունեմ, որ աշնանը մարդիկ ավելի սթափ կլինեն և կհասկանան, երբ հայտարարվում է, որ գազի գինը բարձրացել է, բայց ժողովրդի վրա չի ազդում, իրականում ազդում է, երբ հայտարարվում է, որ գյուղատնտեսությանը անտոկոս վարկեր են տրվում, իրականում չեն տրվում, երբ հայտարարվում է, որ այսօր գյուղացին և աշխատավորներն ավելի ապահովված են, այդպես չէ, որովհետև մեր երկրի պետական պարտքը ահռելի թվով մեծացել է: Վերջերս տնտեսագետներից մեկի վերլուծությանն էի հետևում, սա մոտավորապես նման է  1980-ականների կեսերի վիճակին, երբ Սովետ Միությունը կիսատ քանդվելու վիճակում էր, և տնտեսությունն ավերվում էր: Հիմա ՀՀ-ում տնտեսությունն ավերվում  է»:

Տեսանյութեր

Լրահոս