«Ադրբեջանի ակտիվացումը պայմանավորված է նաև Հայաստանի դերակատարումը զսպելով». Արաբագետ
Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը նոր թափ ստացավ, երբ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատվածում սկսեց իրականացնել երկրաբանական հետախուզական աշխատանքներ։
ԵՄ ղեկավարները դատապարտել էին Անկարայի քաղաքականությունը՝ պահանջելով վերջ դնել այդ սադրիչ քայլերին:
ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկն էլ հայտարարել էր՝ Թուրքիայի իշխանությունները պետք է իմանան, որ Եվրամիությունը Հունաստանի և Կիպրոսի կողքին է։
Թուրքիայի գործողությունները քննադատել են նաև Եվրամիության անդամ 27 երկրների պետական այրերի՝ Հունաստանի ծովային սահմանում և Կիպրոսի ափերում Թուրքիայի քայլերը, Թուրքիայից պահանջելով վերջ դնել լարվածությանը տարածաշրջանում:
168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններին՝ նշեց, որ արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում հիմնական ակտիվությունը էներգառեսուրսների որոնման ուղղությամբ է և ծովային սահմանների հստակեցումը։
«Մեկ բան ակնհայտ է, որ վերջին շրջանում Թուրքիայի գործողություններն արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծել են բավականաչափ պայթյունավտանգ իրավիճակ այդ տարածաշրջանում ներգրավված բոլոր դերակատարների համար։ Սրա վառ ապացույցն է վերջին օրերին նաև մարտավարական բնույթի տարաբնույթ գործողությունները Միջերկրական ծովի տվյալ հատվածում, ինչպես նաև այդ տարածաշրջանում շահագրգիռ դերակատարների և միջազգային կազմակերպությունների ակտիվ արձագանքները, ինչպես եղած գործընթացների, այնպես էլ՝ Թուրքիայի բուն գործողությունների հետ կապված։ Մեկ բան ակնհայտ է, որ Անկարան կարծես թե սկզբունքային տրամադրվածություն ունի ավելի մեծացնելու իր դերակատարումն արևելյան միջերկրականում, մասնավորապես հետևյալ ուղղություններով։ Առաջինը՝ առանցքային դերակատար էներգակիրների տեղափոխման երկիր, որպես էներգիա արդյունահանող երկիր, ինչպես նաև պատմական առումով շուրջ մեկ տարի սահմանափակումները վերացնելու ուղղությամբ հստակ նպատակային գործողություններ անելու տեսանկյունից»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի նման գործողություններն արժանանում են հատկապես շահագրգիռ երկրների, մասնավորապես՝ Հունաստանի, Կիպրոսի, արաբական տարածաշրջանային և ԵՄ-ի որոշ երկրների կտրուկ արձագանքին։ Սակայն ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ կողմերից որևէ մեկը կարծես չի ցանկանում գնալ զիջումների, ինչն ավելի է բարդացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։
Ինչ վերաբերում է ԵՄ-ի որոշ երկրների դատապարտող հայտարարություններին և դրանց ազդեցությանը Թուրքիայի գործողությունների վրա, Արմեն Պետրոսյանը նկատեց՝ Թուրքիայի իշխանությունները, հատկապես Էրդողանի վարչակարգը վերջին տարիներին իրականացրած քաղաքականությամբ ցույց է տվել, որ միջազգային պատժամիջոցները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայի հավակնություններն իրականացնելու համար։
«Այս քաղաքականության հիմքում և դրա նպատակը ոչ միայն Թուրքիայի արտաքին հավակնություններն են, այլև գործող վարչակարգի համար երկրի ներսում նման քաղաքականության ներքին նեղ քաղաքական խնդիրներ լուծելու կարևորությունը։ Միաժամանակ նման հավակնություններ դրսևորելով, Թուրքիան փորձում է ոչ միայն ուժեղացնել իր դիրքերը տարբեր տարածաշրջաններում, այլև գործող իշխանություններն այդ քաղաքականությունն օգտագործում են երկրի ներսում իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար։ Հետևաբար՝ այս տեսանկյունից վերջին մի քանի տարիների ընթացքում ակնհայտ երևում է, որ պատժամիջոցների նման քաղաքականությունը Թուրքիայի հավակնությունները զսպելու տեսանկյունից արդյունավետ չէ»,- հավելեց արաբագետը։
Ըստ նրա, եթե դիտարկեն ԵՄ-ի մինչև այժմ հայտարարած պատժամիջոցները, ապա դրանք այդքան էլ ազդեցիկ չեն, ներառում են որոշ պաշտոնատար անձանց և ընկերությունների շրջանակ և լուրջ հետևանք չեն կարող ունենալ։
«Այս տեսանկյունից վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի հետ կապված գործընթացները ցույց են տալիս, որ շատ ավելի արդյունավետ է կա՛մ այդ երկրի հետ խոսել կոշտ ուժային լեզվով, կա՛մ բանակցությունների ճանապարհով։ Հետևաբար՝ ԵՄ-ի գործողությունները՝ Թուրքիային զսպելու առումով, չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունավետություն»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է այս ամենի ազդեցությանը Հարավային Կովկասի անվտանգության և ներկայիս իրավիճակի վրա, Արմեն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում վերջին շրջանում ակնդետ կերպով հետևում են Թուրքիայի գործողություններին և հանդես են գալիս հայտարարություններով։
«Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի ներգրավվածությունն է այս ամենին՝ քաղաքական հռետորաբանության մասով, այսինքն՝ այդ երկիրը ստիպված է լինելու քաղաքական հռետորաբանության միջոցով որոշակի ակտիվություն դրսևորել Թուրքիային աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից։ Պաշտոնական Բաքվի նման ոճը երկու դրդապատճառ ունի, նախ տավուշյան դեպքերին Թուրքիան աննախադեպ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, և հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը, և Բաքուն պետք է աջակցի Թուրքիային։ Երկրորդը՝ Ադրբեջանի ակտիվացումն արևելյան միջերկրածովյան զարգացումների հետ կապված՝ պայմանավորված է նաև Հայաստանի դերակատարումը զսպելուն կամ հակակշռելուն։ Այսինքն՝ Հայաստանը որքան ավելի ակտիվորեն արձագանքի այդ տարածաշրջանում ընթացող զարգացումներին, պաշտոնական Բաքուն ստիպված է լինելու նույնչափ ակտիվորեն անդրադառնալու ՀՀ-ի կեցվածքին։ Կարծում եմ՝ սա մեզ համար բավականաչափ կարևոր է, որովհետև մենք գիտենք, որ այդ տարածաշրջանում հակաթուրքական կեցվածք ունեն միջազգային մեծաթիվ դերակատարներ, և տրամաբանորեն Բաքվի նման կեցվածքն իր դեմ է տրամադրում նման բազմաթիվ դերակատարների»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։