Բաժիններ՝

«Զբոսաշրջության ոլորտում կարող էր ավելի լավ լինել, եթե ավելի հասցեական ու նպատակային լինեին միջոցառումները». Մեխակ Ապրեսյան

«Միայն միջազգային տուրիզմով մոտավորապես 700 մլն դոլարի կորուստ ենք ունեցել այս տարի, օգոստոս ամիսն էլ հետը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ տուրիզմի ոլորտի կրած վնասներին։

Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, Մեխակ Ապրեսյանը նշեց՝ որքան էլ ակտիվացնեն ներքին տուրիզմը, դրանով չեն կարողանալու լրացնել այն բացն ու վնասները, որոնք կան միջազգային տուրիզմի մասով։

«Պետք է նկատել, որ որքան էլ ներքին տուրիզմը զարգացնեն, նախորդ տարվա ցուցանիշներին չեն հասնի։ Լավ է, որ նման աշխուժություն կա, բայց նախորդ տարվա հետ համեմատած՝ դեռ ներքին տուրիզմ չունենք։ Այդուհանդերձ, սա որոշակի հարցեր լուծում է, սակայն առհասարակ տուրիզմի կրած վնասները չի ծածկում»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով, եթե միջազգային տուրիզմը գոնե սեպտեմբերին վերականգնվի, հնարավոր կլինի ոլորտում որոշակի հարցեր լուծել։ Քանի որ միջազգային տուրիզմի ժամանակ դրսից Հայաստան գումարներ են մտնում, իսկ ներքին տուրիզմի ժամանակ գումարը պարզապես շրջանառվում է։

Բացի այդ, ծավալներով էլ բավականին տարբերվում է միջազգային և ներքին տուրիզմի ֆինանսական շրջանառությունը։

«Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային տուրիզմի վերականգնման դեպքում կարող ենք ակնկալել մոտավորապես 200 հազար զբոսաշրջիկ, որը բավականին գումար է կազմում։ Ճիշտ է՝ նախորդ տարվա նման այցելու չենք սպասի, սակայն այս թիվն էլ վատ չէ, սա խոսում է 150-200 մլն դոլարի մասին»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը։

Անդրադառնալով ոլորտի վերականգնման համար պահանջվող ժամանակին, Մեխակ Ապրեսյանը շեշտեց, որ, եթե ոլորտն աշխատելու համար ստեղծվեն հնարավորություններ և վերականգնվի միջազգային տուրիզմը, ապա դրանով կսկսվի վերականգնման գործընթացը, և հաջորդ տարի այն լիարժեք կվերականգնվի։

Նա դժվարացավ ասել, թե այս ընթացքում քանի զբոսաշրջային ընկերություն է փակվել կամ քանի աշխատող է կրճատվել:

«Ցավոք, մենք չունենք նույնիսկ այնպիսի վիճակագրություն, թե քանի զբոսաշրջային ընկերություն ունենք։ Մենք նման հստակ վարչական ռեգիստր չունենք»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Խոսելով Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներից, Մ. Ապրեսյանն ասաց, որ այդ միջոցառումները որոշակի չափով մեղմեցին իրավիճակը, բայց ավելի շատ այլ ոլորտներում, քան զբոսաշրջության ոլորտում։

«Զբոսաշրջության ոլորտում կարող էր ավելի լավ լինել, եթե ավելի հասցեական ու նպատակային լինեին միջոցառումները։ Եղան, իհարկե, քայլեր, բայց ես կարծում եմ, որ կարելի էր այս ոլորտի համար առանձնահատուկ միջոցառումներ իրականացնել և ավելի արդյունավետ լինել։ Եթե ուզում ենք, որ ավելի լավ լինի, պետք է զուգահեռ աշխատելու արդյունավետությունն ապահովենք։ Լավ է, որ ներքին տուրիզմն աշխուժացնում են, բայց ոչ միզազգայինը սահմանափակելու հաշվին»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս