Բաժիններ՝

«Արսենալ»-«Լիվերպուլ»․ ո՞ւմը կլինի Սուպերգավաթը

Մրցաշար-Անգլիայի Սուպերգավաթ, Community Shield

Վայր-Wembley

Ժամ-19:30

«Արսենալ»

«Զինագործներն» իրավունք ստացան մասնակցելու այս խաղարկությանը՝ որպես Անգլիայի գավաթի հաղթող: Միկել Արտետայի թիմի համար մրցաշրջանը երկիմաստ ստացվեց: Թիմը վատ խաղաց մրցակիցների դաշտերում, և միայն տնային ասպարեզում քիչ թե շատ վստահելի խաղը թույլ տվեց լոնդոնյան ակումբին 2019/20 Անգլիայի առաջնության եզրափակիչ աղյուսակում զբաղեցնել ութերորդ հորիզոնականը:

Չնայած պետք է խոստովանենք, որ կարանտինային դադարից հետո «Արսենալը» նկատելիորեն բարելավվել է: Բոլոր մրցաշարերի վերջին 12 խաղերի ընթացքում Արտետայի սաները տարել են ինը հաղթանակ, այդ թվում՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում  երեք հաջող հանդիպումներ: Դրանցում «զինագործները» մրցաշարից դուրս թողեցին «Շեֆիլդ Յունայթեդին» (2:1) և «Մանչեսթեր Սիթիին» (2:0), իսկ եզրափակչում հաղթեցին «Չելսիին» (2:1): Անգլիայի գավաթում հաղթանակը լոնդոնցիների թանգարանում ոչ միայն նոր գավաթ ավելացրեց, այլև նվիրեց նրանց Եվրոպա լիգայի ուղեգիր:

Անգլիայի գավաթի խաղարկությունում հաջողությունից հետո «Արսենալը» երեք շաբաթ դադար վերցրեց, և միայն օգոստոսի 25-ին թիմը հայտնվեց ֆուտբոլային խաղադաշտում՝ ընկերական հանդիպում անցկացնելով «Միլթոն Քեյնս Դոնսի» հետ, որին վստահորեն հաղթեց 4:1 հաշվով:

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա վնասվածքների պատճառով հաստատ չեն խաղա Մատեո Գենդուզին, Շկոդրան Մուստաֆին, Գաբրիել Մարտինելին, Կալում Չեմբերսը, Պաբլո Մարին: Կասկածի տակ է Մեսութ Օզիլի և Բերնդ Լենոյի մասնակցությունը:

«Լիվերպուլ»

Նախորդ մրցաշրջանում մերսիսայդցիներին վերջապես հաջողվեց նվաճել ազգային առաջնության ոսկե մեդալները: «Լիվերպուլը» 30 տարի անց առաջին անգամ նվաճեց երկար սպասված տիտղոսը: Ավելին, Յուրգեն Կլոպի սաները դա արեցին վստահորեն՝ մրցաշրջանի ավարտից յոթ տուր առաջ դառնալով չեմպիոն: Լիվերպուլյան ակումբը 18 միավորով առաջ էր մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից»:

Ապահովելով առաջնության չեմպիոնությունը, «Լիվերպուլը» մի փոքր դանդաղեց: Կորոնավիրուսի ընդմիջումից հետո թիմն ինը հանդիպումներից հինգում հաղթեց, 0:4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին», ինչպես նաև՝ իր ապագա մրցակից «Արսենալին» (1:2):

Նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս Յուրգեն Կլոպի թիմն արդեն երկու ընկերական հանդիպում է անցկացրել, որոնցում հաղթել է «Շտուտգարտին» (3:0) և ոչ-ոքի ավարտել հանդիպումը «Զալցբուրգի» հետ (2:2): Նշենք, որ ավստրիացիների հետ խաղում «Լիվերպուլը» վերադարձավ 0:2 հաշվով:

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ջորդան Հենդերսոնը, Ժոել Մատիպը չեն խաղա Անգլիայի չեմպիոնի կազմում:

Վիճակագրություն

«Լիվերպուլը» վերջին 50 պաշտոնական խաղերից 39-ում հաղթել է

«Արսենալի» վերջին վեց հանդիպումներից ոչ մեկը չի ավարտվել ոչ-ոքի արդյունքով

«Արսենալը» նախորդ ինը խաղում անընդմեջ զիջել էր «Լիվերպուլին»

«Արսենալը» վերջին 11 խաղերից միայն մեկում է հաղթել «Լիվերպուլին»

Թիմերի միջև անցկացված վերջին դիմակայությունները շատ հետաքրքիր էին: «Լիվերպուլը» հաղթեց դրանց մեծ մասում: Մերսիսայդցիներն այսօր էլ համարվում են խաղի ֆավորիտները։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս