Երևանում շենքի պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 41-ամյա տղամարդն առավոտյան մահացել է. Շուշան Դանիելյան
Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը, որին փրկարարները դուրս էին բերել փլատակների տակից: 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Նրա վիճակն ի սկզբանե ծայրահեղ ծանր էր՝ արհեստական շնչառական սարքին միացված, նման դեպքերում ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է, կարելի է ասել՝ ելքը կանխորոշված էր ի սկզբանե»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել: Փրկարարները շենքի բնակիչներին տարհանել էին, իսկ 3 քաղաքացիների փլատակների տակից էին դուրս բերել: Երրորդ քաղաքացուն փրկարարները մահացած էին գտել, իսկ մյուս երկու քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց:
Շուշան Դանիելյանից հետաքրքրվեցինք նաև հիվանդանոցում գտնվող տուժած կնոջ առողջական վիճակով, ինչին նա պատասխանեց, որ քաղաքացին դեռ հիվանդանոցում է, առաջիկայում կվիրահատվի, նրա վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ շենքի մյուս բնակիչները, որոնք տարհանվել էին, այս պահին գտնվում են քաղաքապետարանի կողմից տրամադրված ժամանակավոր կացարանում: