ԱՄՆ-ն նախազգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնք COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով գտնվում են ճանապարհորդության համար վտանգավոր 3-րդ մակարդակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Այդ երկրների շարքում Թուրքիան նույնպես շարունակում է տեղ զբաղեցնել 3-րդ մակարդակում։
Դեռևս մարտ ամսին հրապարակված այս ցուցակը անընդհատ թարմացվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից։
Նախազգուշացման մեջ նշվում է նաև, որ Թուրքիայի որոշ շրջաններում համաճարակը մեծ թափով է տարածվում և եթե ԱՄՆ քաղաքացիները ստիպված են ճամփորդել դեպի Թուրքիա, անպայման պետք է հետևեն պետքարտուղարության կողմից հրապարակված խորհուրդներին։
Թուրքիայի որոշ շրջաններ էլ ներառվել են ճանապարհորդության համար վտանգավոր 4-րդ մակարդակում։ Դա պայմանավորված է ահաբեկչության վտանգով։ Այդ շրջաններն են Շըրնաք և Հաքյարի նահանգները։ 4-րդ մակարդակում են ընդգրկված նաև Սիրիայի սահմանից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը։
Օգոստոսի 6-ին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված ցուցակում վտանգավոր գոտուց հանվել են 12 բնակավայրեր։ Դրանք են՝ Բաթմանը, Բինգյոլը, Բիթլիսը, Դիարբեքիրը, Գազիանթեփը, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Սիիրթը, Թունջելին և Վանը։