«Կորոնավիրուսի դեպքերի մի փոքր աճ ունենք». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերին՝ նշեց, որ արդեն վեց օր է, ինչ գործնականում կա ամենօրյա դեպքերի 200-ից քիչ վարակվածներ, իսկ երեկվա ցուցանիշը մի փոքր արդեն բարձր է՝ 203։
«Մենք, իհարկե, հետազոտությունների մեծ թիվ ենք ունեցել՝ 1938, ամեն ինչ պետք է անենք հետազոտությունների մեծ թիվը պահելու համար։ Կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման վրա: Ըստ էության կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որը կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել։ Սա բացառապես կապված է հակահամաճարակային կանոնների պահպանման որակով, որը կախված է մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագծից։ Կոչ եմ անում, խնդրում եմ, որպեսզի մենք մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում»,- շեշտեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 864-ի, և 265 մահ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց շրջանում, որոնց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։