«Ցանկալի կլիներ, որ նախարարն արձակուրդը փորձեր օգտագործել այն ժամանակ, երբ կորոնավիրուսով հիվանդների թիվը շատ ավելի քիչ կլիներ, քան հիմա է». Քաղտեխնոլոգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկելու վերաբերյալ որոշում է ստորագրել։ Այսպիսով՝ Ա. Թորոսյանն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

Կորոնավիրուսային իրավիճակում առողջապահական ոլորտի ղեկավարի արձակուրդ մեկնելը զարմանք ու տարակուսանք է առաջացրել շատերի մոտ։ Ըստ նրանց՝ նախարարը ճգնաժամի պայմաններում թողնում է իր ղեկավարած «պոստը», անկախ այն հանգամանքից, որ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան փոխարինելու են ԱՆ համապատասխան պաշտոնյաները։

168.amհետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ Առողջապահության նախարարի արձակուրդ գնալը հանրության շրջանում տարբեր դրսևորումներ ունեցավ, սակայն պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր աշխատողի, այդ թվում՝ առողջապահության նախարարին, տրվում է արձակուրդ։

«Նա չի կարող մնալ առանց հանգստի, նախարարին արձակուրդ հասնում է, հիմա խնդիրն այն է, թե երբ գնա։ Բնական է, որ հիմա մի փոքր մեղմ վիճակ է՝ կորոնավիրուսով պայմանավորված, այսինքն՝ քիչ թվով մարդիկ են վարակվում, սա պետք է ընդունել։ Հիմա, եթե այս պայմաններում նախարարը չգնա արձակուրդ, իսկ կորոնավիրուսը գուցե երկու տարի շարունակվի, ապա նախարարը պետք է երկու տարի արձակուրդ չգնա՞։ Նախարարը կարող է արձակուրդը վերցնել, բայց չգնալ, բայց պարտավոր է վերցնել, քանի որ Աշխատանքային օրենսգրքով է հասնում»,- նշեց Արմեն Բադալյանը։

Նրա կարծիքով՝ ավելի տրամաբանական կլիներ որոշ ժամանակով արձակուրդ չգնալը, քան գնալը, սակայն սա այն հարցը չէ, որ միանգամից պետք է դառնա քննարկման լուրջ առարկա։

«Հնարավոր է՝ հարցի թիկունքում թաքնված ինտրիգային պահն է պատճառը, որ հիմա է նախարարը մեկնում արձակուրդ։ Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ, եթե նախարարը գնում է արձակուրդ, նրա տեղակալները կարող են իրականացնել առողջապահության բնագավառում առկա պարտականությունները։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ նախարարը մնար ու մի փոքր աշխատեր և այդ արձակուրդը փորձեր օգտագործել այն ժամանակ, երբ կորոնավիրուսով հիվանդների թիվը շատ ավելի քիչ կլիներ, քան հիմա է։ Կարող ենք ասել, որ հիմա այդքան էլ ողբերգություն չէ և ճգնաժամ չի առաջացնի նրա արձակուրդ գնալը»,- հավելեց քաղտեխնոլոգը։

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարի պաշտոնական և անձնական ֆեյսբուքյան օգտահաշիվների հեռացմանը, Արմեն Բադալյանը նկատեց՝ պաշտոնական օգտահաշվի ջնջելը տրամաբանական չէ, այն անձին չի պատկանում, այլ պետական հիմնարկինն է։

«Անկախ նրանից, թե այդ էջն ով էր վարում, այն պետք է ակտիվ մնար։ Այլ բան է նախարարի անձնական էջը, նրա իրավունքն է՝ կարող էր ակտիվ պահել, կարող էր սառեցնել։ Բայց տրամաբանական չէ, որ նախարարը գնում է արձակուրդ և սառեցնում է պաշտոնական օգտահաշիվը, այդ ամենն ինտրիգային ինչ-որ մտքեր են ստեղծում։ Նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում գուցե տեղակալներն էին մտնում և ինչ-որ տեղեկություններ տարածում, նա չէր կարող սառեցնել այդ էջը»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս