«Կարծում եմ՝ համաճարակը պետք է լրիվ հաղթահարվեր, հետո արձակուրդի մասին կարելի էր խոսել». «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանի մասին
«Մի քանի անգամ բարձրաձայն հնչեցրել եմ այդ հարցերը Առողջապահության նախարարին՝ Արսեն Թորոսյանին, հենց բյուջեի քննարկման ժամանակ, երբ համապատասխան գրասենյակը կազմակերպել էր բյուջետային լսումներ, ինձ կոնկրետ հետաքրքրում էր, թե մեր քաղաքացիներից որքա՞նն են պետպատվերով թեստավորվել, որքա՞նը՝ իրենց հաշվին»: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ընթացքում հետաքրքրվե՞լ են, թե որքա՞ն գումար է ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարում, դրանից որքա՞նն է գանձապետական հաշվին փոխանցված նվիրատվություններից, որքա՞նը՝ պետական բյուջեից:
«Առողջապահության նախարարը նշեց, որ դա կարևոր չէ, թեպետ ես պնդեցի, որ դա կարևոր է, և մեզ պետք է այդ տեղեկատվությունը, ինքը հրապարակավ ներկայացրեց, որ շուտով այդ տեղեկատվությունը բաց կլինի բոլորի համար, ոչ միայն պատգամավորների, այլև լրագրողների և հասարակության համար, դրանից անցել է 1 ամիս, բայց այդպես էլ չստացանք հարցերի պատասխանները, քամու նման նա հնչեցրեց ու գնաց, չստացանք պատասխանը»,- ասաց Գրիգորյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, որն ուսումնասիրելու է կորոնավիրուսի վերաբերյալ հարցերը: Հանձնաժողովը նախագահելու է «Լուսավոր Հայաստանը»:
«Մենք առանձին ոլորտներով հիմա աշխատում ենք, յուրաքանչյուր պատգամավոր իր ոլորտում ուսումնասիրություններ է իրականացնում, գրավոր դիմում է, որպեսզի քննիչ հանձնաժողովն ամբողջական կարողանա եզրահանգման գալ և հրապարակել արդյունքները»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին՝ թե ինչպե՞ս է վերաբերվում առողջապահության նախարարի՝ արձակուրդ մեկնելուն, երբ երկրում դեռ արտակարգ դրություն է, պատգամավորը պատասխանեց.
«Կարծում եմ՝ այս պարագայում ընդհանրապես կառավարության որևէ անդամ չպետք է արձակուրդ գնա, ուր մնաց՝ ոլորտի նախարարը»:
168.am-ը զրուցեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ, որն ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Պատգամավորից նախ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում կորոնավիրուսի դեմ պայքարում Առողջապահության նախարարության աշխատանքները:
«Համաճարակը կավարտվի, նոր գնահատականներ կտանք, ճանապարհի կեսից գնահատականներ չտանք: Քանի որ պրոցեսի մեջ է ամեն ինչ, ծախսերի վերաբերյալ ևս չեմ հետաքրքրվել, Համաճարակը կավարտվի՝ կուսումնասիրենք, հարցումներ կանենք, եթե պետք լինի ու գնահատականներ կտանք»,- ասաց պատգամավորը:
Նարեկ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ճի՞շտ էր այս պահին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ գնալը:
«Կարծում եմ՝ համաճարակը պետք է լրիվ հաղթահարվեր, հետո արձակուրդի մասին կարելի էր խոսել»,- եզրափակեց «Իմ քայլի» պատգամավորը:
Նշենք, որ սոցցանցերում լայնորեն քննարկվում է թե՛ Արսեն Թորոսյանի հրաժարական տալու մասին լուրը, թե՛ երկրում արտակարգ դրություն լինելու պարագայում՝ նախարարի արձակուրդ մեկնելու որոշումը: