«Իմ համոզմամբ՝ այո՛, Գևորգ Մուրադյանը նշանակվեց կառավարության հավանությամբ». ԵՊՀ ՈւԽ նախագահ

ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստը, և խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, որը նախկինում ևս եղել է այդ պաշտոնում:

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  օժանդակություն եղել է Մուրադյանին այդ պաշտոնում նշանակելու համար:

«Միանշանակ նախարարության կողմից օժանդակություն կար, թերևս, պետք է փաստեմ, որ համալսարանում ունեցած իմ շրջապատում շատ քիչ մարդիկ կան, որոնք բավարար են գնահատում Գևորգ Մուրադյանի վերջին 1.5 տարիների ընթացքում կատարած գործողությունները՝ որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ: Բազմաթիվ խոստումներ, բազմաթիվ գործողություններ միտված չեն եղել համալսարանի շահին, ու դրա մասին խոսում են համալսարանի դեմ շուրջ 20-22 դատական հայցերը: Դա խոսում  է նրա մասին, որ այնպիսի որոշումներ, օրակարգային հարցեր են ներառվել, որոնք անօրինական էին, և դրանց մեծամասնությունը հայցի ապահովում են ստացել: Դատարան մտնել ԵՊՀ-ի դեմ ցուցմունքով՝ դա արդեն իսկ մեծ հարված է Երևանի պետական համալսարանին: Ինչ վերաբերում է, որ Գևորգ Մուրադյանը միայն կառավարության հավանությամբ ընտրվեց Հոգաբարձուների խորհրդի նախագահ, թեպետ համալսարանականներ էլ քվեարկողներ եղան, բայց իմ համոզմամբ՝ այո՛, նա նշանակվեց կառավարության հավանությամբ»,- ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ հարց պետք է լուծի նա, ինչո՞ւ կառավարությունն այդպես որոշեց, Դավիթ Ափոյանը պատասխանեց.

«Եթե նայենք վերջին 1.5 տարվա ընթացքը, Գևորգ Մուրադյանի՝ Հոգաբարձուների խորհրդի օրակարգում առաջադրած հարցերը ոչ թե բուհի շահերից են բխում, այլ չեմ ասի՝ ԿԳՄՍ նախարարության, այլ նեղ՝ Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքական շահերից են բխում, ոչ թե նախարարության, այլ նախարարի: Հավաստի և ոչ հավաստի աղբյուրներից տեղյակ եմ, որ  Կրթության, գիտության նախարարն այստեղ ունի անձնական ամբիցիաներ, որոնք բավարարվում են այլ մարդկանց ձեռքերով: Ես դա տեսնում եմ պարոն Մուրադյանի նախորդ 1.5 տարվա գոծողություններում»:

Տեսանյութեր

Լրահոս