«ԿԳՄՍՆ-ի համար ԵՊՀ ռեկտորի նախընտրելի թեկնածուն այն թեկնածուն է, որն ընդունելի է բուհի համար». փոխնախարար
«Կարծում եմ՝ խնդիրները շատ-շատ են, անելիքները շատ են, և կարծում եմ, որ խորհուրդն ամբողջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու և ավելի լավ իրավիճակ ունենալու համար, ու վստահ եմ, որ այդ ուղղությամբ առաջ կգնանք»: Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հոգաբարձուների խորհրդի նոր կազմում Գևորգ Մուրադյանի վերընտրվելը, քանի որ նրա պաշտոնավարման տարիներին փակվել է ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, նա պատասխանեց
«Պարոն Մուրադյանին տվեցին տարբեր հարցեր, նա տվեց պատասխաններ, խորհրդի անդամները ներկա էին, որևէ մեկի միանձնյա որոշումը չէ, բոլորն ազատ էին իրենց քվեն տալու որևէ թեկնածուի, և այդ ընտրությունը կայացավ»:
Հարցին՝ արդյոք ռեկտորի ընտրության հարցը քննարկվե՞ց, փոխնախարարը պատասխանեց.
«Ռեկտորի ընտրության հարցը քննարկվեց, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունեինք արդեն իսկ ռեկտորի ընտրության սկսված գործընթաց մինչ արտակարգ դրությունը, որոշում կայացվեց՝ հարցում ուղարկել Արդարադատության նախարարություն և իրավաբանական ֆակուլտետին, հասկանալու համար, թե որ մոտեցումն է առավել իրավաչափ՝ նոր մրցույթի հայտարարո՞ւմը, թե՞ արդեն իսկ սկսված մրցույթի շարունակությունը: Կսպասենք պատասխանին, ինչպես որ իրավական տեսանկյունից կլինի ճիշտ, այդպես էլ կվարվենք»:
Լրագրողների հարցին՝ նախարարի և նախարարության համար նախընտրելի թեկնածու կա՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց.
«Նախընտրելի թեկնածուն այն թեկնածուն է, որն ընդունելի է բուհի համար՝ բուհի զարգացման տեսանկյունից, այս տեսանկյունից նախարարությունն ամենաշագրգիռ կառույցներից մեկն է, որ մեր բուհերը զարգանան, լինեն մրցունակ, կարողանան նաև միջազգային ասպարեզում իրենց տեղն ու դերն ունենալ, և մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած մեկին, ով իր գործը տեսնում է այդ ուղղությամբ»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է նախարարը կիսվում միայն 1 թեկնածուի նախընտրական ծրագրով, ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց, որ տեղյակ չէ այդ գործընթացի մանրամասներին և չի կարող մեկնաբանել: