«Մեր՝ Հայաստանի և Արցախի գերխնդիրը մարտունակ պահեստազոր ունենալն է». Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրենքի նախագծի համաձայն՝ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Այսինքն՝ Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր։
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այս նախագծին, նշեց, որ տարբեր փուլերում առիթ ունեցել է մարտունակ պահեստազորի անհրաժեշտության մասին խոսել և այս տեսանկյունից անչափ կարևորում է ՊՆ նախաձեռնությունը.
«Մեր՝ Հայաստանի և Արցախի գերխնդիրը մարտունակ պահեստազոր ունենալն է, քանի որ գտնվում ենք տարածաշրջանում, որտեղ ունենք բազմաթիվ սպառնալիքներ, և իրավիճակում, երբ ցանկացած ժամանակ կարող են լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, կամ մարտական գործողություններ ծավալվել, որոնք կարող են միջնաժամկետ, երկարաժամկետ բնույթ կրել: Այս պարագայում՝ հաղթանակի և մարտական խնդրի լուծման առումով՝ կարևոր խնդիր է լուծում պահեստազորը, որը ժամանակին պետք է համալրի կանոնավոր զորքերը»:
Տիգրան Աբրահամյանն աշխարհազորի անհրաժեշտությունը կարևորեց հատկապես տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ դիրքավորման քաղաքականությամբ պայմանավորված, ինչը, ըստ նրա, ակնառու էր, թե՛ 2016 թվականի մարտական գործողություններից հետո, թե՛ Տավուշյան գործողությունների օրերին. «Նաև Թուրքիայի կողմից մեծացող վտանգն է մեզ ստիպում օր առաջ վերանայումներ անել մեր մարտունակության բարձրացման և Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման հարցում:
Դեռևս հանրային քննարկման է ներկայացվել նախնական տարբերակը: Հույս ունեմ՝ այն լայն քննարկումների ճանապարհ կանցնի, հնարավոր կլինի ունենալ լավ փաստաթուղթ, որը մի կողմից՝ իրավական առումով կարգավորումներ կտա առաջիկայում այդ աշխարհազորայինների ստորաբաժանումները համալրող քաղաքացիների համար, մյուս կողմից՝ պայմաններ կստեղծի մարտունակ պահեստազորի ձևավորման համար»:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ այս աշխարհազորը փոխարինելու է գալիս մինչ այդ ինքնակազմակերպվող կամավորական տարբեր խմբերին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Սրանք պայմանական ձևակերպումներ են, ու այս տեսանկյունից՝ այդքան էլ կապ չունի, թե դրան ինչ բնորոշում կտանք՝ կամավորականնե՞ր, թե՞ աշխարհազորայիններ, գաղափարը գրեթե նույնն է:
Ես պատահական չասացի իրավական կարգավորումների մասին՝ կապված այդ ստորաբաժանումներում ընդգրկվելիք քաղաքացիների իրավական պաշտպանության հետ, ինչը, բնական է, որ պետք է հավասարեցվի զինծառայողների իրավունքներին, և երկրորդը՝ ամենակարևորն այն է, որ մենք ստեղծում ենք ճկուն ստորաբաժանումներ, որոնք, ըստ նախնական տարբերակի՝ հնարավորություն են տալու այդ աշխարհազորայիններին ներգավելու ոչ միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ, այլև այն դեպքերում, երբ կա տարբեր բնույթի ագրեսիայի, սադրանքների հավանականություն, նույնիսկ՝ մեր երկրի խորքում ստեղծվող անվտանգային սպառնալիքների պարագայում»:
Տիգրան Աբրահամյանը հավելեց, որ օրենքի սույն նախագծով նախատեսված են ճկուն կարգավորումներ աշխարհազորայինների ստեղծման հարցով.
«Սակայն կրկնում եմ, որ սա պետք է մասնագիտական քննարկումների մի քանի փուլ անցնի, որպեսզի ունենանք լավ փաստաթուղթ, ինչը կլուծի այն խնդիրները, որոնք դրված են այս նախագծի վրա»: