Բաժիններ՝

Լեռնակերտում իրականացված պեղումներով պարզվել է՝ տարածքի թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախմբը Լեռնակերտում ավարտեց այս տարվա համար ծրագրած պեղումները: Այս պահին գտածոների ուսումնասիրման և մշակման փուլն է:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, դեռ անցած տարի մեկնարկած պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակաշրջանի կենցաղի, ավանդույթների մասին։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հնագետները հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել սկսած վաղ բրոնզե դարից։

Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, որոնք վկայում են՝ Լեռնակերտի տարածքը բնակեցված է եղել շատ հին ժամանակներից։

«Այս մասին կարող ենք խոսել ըստ նախորդ տարվա պեղումների տվյալների, քանի որ այս տարվա տվյալները դեռևս մշակման փուլում են»,-պատմում է արշավախմբի ղեկավար Բենիկ Վարդանյանը:

Արշավախմբի ուշադրության կենտրոնում Վերի Բերդն է իր շրջակայքով։ Ամրոցում նախորդ տարի բացվեց Ք.ա. 5-3-րդ դարերի կառույց, որն ամբողջացվեց այս տարվա պեղումներով։ Սենյակի կենտրոնում, ժայռի մեջ արված էր բաժակաձև փորվածք, որի մեջ մանրացրել և վերամշակել են հացահատիկ։ Փաստագրված այս կառույցը վերաբերում է ամրոցի բնակեցման վերջին փուլին։ Վերի Բերդը, սակայն, կառուցվել է ուշ բրոնզի դարում՝ Ք.ա. 14-13-րդ դարերում։

«Այդ մասին են վկայում ամրոցի հյուսիս­արևմտյան լանջի երկրորդ հարթակում և միջնաբերդում փաստագրված խեցեղենը և միջնաբերդի անմիջական հարևանությամբ գտնվող դամբարանադաշտի ընձեռած տվյալները։ Տվյալները համաժամանակյա են, ինչը բացառիկ իրողություն է»,- պատմում է արշավախմբի ղեկավարը՝ նշելով, որ ամրոցներից հայտնաբերված հիմնական նյութը խեցեղեն առարկաներն են, օբսիդիանից և քարից պատրաստված գործիքները։

Հաջորդ ամրոցը՝ Վարի Բերդը, ըստ փոքրածավալ պեղումների, ունի բնակեցման երկու փուլ։ Առաջին, վաղ փուլը վերաբերում է կուրարաքսյան մշակույթին՝ Ք.ա. 3-րդ հազարամյակ, իսկ երկրորդը՝ երկաթի դարի վաղ շրջափուլին։ Սակայն հետաքրքիրն այն է, որ տարածքում պեղված ուշբրոնզեդարյան դամբարանն իջած էր վաղբրոնզեդարյան բնակավայրի մեջ։

Լեռնակերտում, մինչ  2019  թվականը  պարբերաբար պեղումներ չեն իրականացվել։ Այս կամ այն գիտական հարցի պարզաբանման նպատակով այստեղ փոքրածավալ հետախուզական հորատումներ են իրականացվել: 2019 թվականին արշավախումբը կազմված էր Գերմանիայի ԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրի Մաքս Պլանկ սոցիալ-մարդա­բա­նա­կան հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներից։ 2020 թվականին հուշարձանի հետազոտություններն իրականացվել են անհատական հետա­զոտական փոքրիկ դրամաշնորհի, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ՇՀՀԿ միջոցներով։

Արշավախումբը հուսով է, որ հաջորդ տարի պեղումները կշարունակվեն:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս