Առաջիկա 5 տարում Մարտունիում մինչև 500 բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը մասնակցել է քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը պետք է նորովի զգացվի, իսկ նախատեսված մեծածավալ ներդրումային ծրագրերի արդյունքում Մարտունին քաղաքային գրավիչ միջավայր է ունենալու:
Այցի ընթացքում հանրապետության նախագահը հրավիրել է նաև աշխատանքային խորհրդակցություն և քննարկել շրջկենտրոնի խնդիրները: Նա մասնավորապես հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև 500 բնակարան, ինչն ամբողջությամբ բավարարելու է ինչպես վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի և հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների պահանջները:
Նախագահը հանձնարարել է նաև կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատումը: Կպատվիրվի նաև շրջկենտրոնի՝ ասֆալտապատման ենթակա կենտրոնական փողոցներից մեկի նախագիծը: «Մարտունին զարգացման մեծ ներուժ ունի, և տեսանելի ապագայում պետական և բարեգործական զգալի միջոցներ են ուղղվելու յուրատիպ քաղաքային համայնք ունենալու համար: Համոզված եմ՝ հաջողելու ենք»,- նշել է նախագահ Հարությունյանը: