«Եթե ուզում ենք, որ մեր տեսակը, լեզուն, մշակույթը, հավաքական կերպարն ու ինքնությունը հավերժացնենք, ուրեմն պետք է իմանանք անկախության գինը». Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր լրանում է ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը։
Հայաստանի ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ մասին ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ միասին, Հանրապետության հիմնարար երկու փաստաթղթերից մեկն է։
Սիրելի հայրենակից, մեր պատմությունը՝ անկախության, պետականության, ինքնիշխանության կորուստների, բաժանումների ու դրա կտորների շուրջ վերականգնումների ունիկալ հավաքածու է։
Իսկ գիտե՞ս, թե ինչու է այդպես. որովհետև մեր մեջ է մեր ներքին թշնամին, դավաճանն ու օտարամոլը։
Մինչև մենք չսովորենք զատել,
մեր նվիրյալներին՝ մեր իսկ դավաճաններից,
մեր անկախ պետականության շահերի իրական պաշտպաններին՝ կեղծ փարիսեցիներից,
մեր մասին մտածող ու մեզ համար գործող զավակներին՝ մեր անունից խոսող, ու գեղեցիկ խոսքերով խաբող՝ մեր ներսի օտարամոլ սրիկայից, մենք չենք կարող լիարժեք անկախություն տնօրինել։
Անկախությունը տրված չէ բոլոր ազգերին, այն իր մեջ Աստվածային բնույթ ունի։ Եթե ուզում ենք, որ մեր տեսակը, լեզուն, մշակույթը, հավաքական կերպարն ու ինքնությունը հավերժացնենք, ուրեմն պետք է իմանանք անկախության գինը։
Իսկ եթե անկախություն գոչելով, ընտանիքներս առած պետք է վազենք Ռուսաստան, Ամերիկա կամ Եվրոպա հիմնավորվելու՝ ուրեմն ինքնախաբեությամբ ենք զբաղված ու Հայրենիքի իսկական տերերին քննադատելու իրավունք չունենք։ Նրանք գնացողների պես չեն, ավելի ազնիվ ու արդար են։
Հայաստանի հպարտ քաղաքացի, նախորդ 30 տարիների ընթացքում մեր անկախության հռչակագիրը կյանքի է կոչվել քայլ առ քայլ՝ ինքնիշխան պետական կառույցներ, ազգային բանակ, դպրոց, դիվանագիտություն, քաղաքացիական հարաբերություններ, ազատ տնտեսություն, սոցիալական երաշխիքներ և այլն։
Մեզ մնացել է միայն մեկ բան. քաղաքական իշխանություն ընտրելիս՝ առաջնորդվել առողջ բանականությամբ։ 2018թ. ապրիլյան և դեկտեմբերյան խայտառակությունն այլևս կրկնելու իրավունք չունենք»:
Այսօր լրանում է ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը։ Հայաստանի ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ մասին ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ Հայաստանի…
Gepostet von Artak Zakaryan am Samstag, 22. August 2020