Բաժիններ՝

«Երկնագույն նետն» ամենապահանջվածն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի Աստվածահայտնության տոնին Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկից հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Երկրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Երրորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

Չորրորդ հորիզոնականում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը: Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված է Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մի անեծքով միաժամանակ տասներեք հոգու էր կործանել: Շատերը կարծում էին, թե նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» վեցերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Յոթերորդ հորիզոնականում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»: Փորձված ծովայինների հետ Ջիմ Հոքինսը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին: Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե´ք «Հիսպանյոլան» ու համարձակ նավարկե´ք դեպի Գանձերի կղզին:

Ութերորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Իններորդ հորիզոնականում է Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը»: Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթկթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…

Տասներորդ տեղում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գիրքը: Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդական աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտել մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս