Ծորակներով դասասեղաններ. ինչպե՞ս են երևանյան դպրոցները նախապատրաստվում սեպտեմբերին
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:
Չնայած, որ ԿԳՄՍ նախարարությունը ուղեցույցի վերջնական տարբերակն այսօր է հրապարակել, դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները:
168.am-ը եղավ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ գործընթաց է այս պահին կատարվում:
Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշխատակիցը տեղեկացրեց՝ չնայած, որ ուղեցույցն այսօր են ԿԳՄՍ-ից ստացել, նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ էին սկսել.
«Դպրոցի մուտքի մոտ աշակերտներին կջերմաչափենք, բոլոր հարկերում հերթապահող ուսուցիչներ կլինեն»:
Աշխատակիցները ներկայացրին դպրոցի կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների նոր կահավորումը՝ ծորակներով դասասեղանները: Յուրաքանչյուր սեղանի մեջտեղում ծորակներ են տեղադրել, որպեսզի աշակերտների համար ավելի հարմարավետ լինի դասապրոցեսը: Աշխատակիցը նաև տեղեկացրեց, որ ջրի խողովակները ևս պետք է փակվեն, որպեսզի երեխաների համար անհարմարություն չլինի:
168.am-ը եղավ նաև Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցում և հետաքրքրվեց այնտեղ տիրող իրավիճակից.
«Դպրոցներն արդեն ստացել են դասագրքերը և ըստ պարետի որոշման՝ պահպանելով համաճարակային բոլոր կանոնները, պետք է արդեն բաժանեն աշակերտներին: 10-15 րոպեն մեկ կանչելով աշակերտի կամ ծնողի, ախտահանելով, դիմակներով և ձեռնոցներով, ապահովվում է դասագրքերի հանձնման գործընթացը»,- ասաց դպրոցի աշխատակիցը:
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանն էլ հայտնեց․
«Ճիշտն ասած, ուղեցույցն այսօր ենք ստացել, բայց պարետի ցուցումներին համապատասխան աշխատանքները վաղուց էինք սկսել: Մաքրուհիները, մյուս բոլոր աշխատակիցները պատրաստ առավոտյան գալիս են և կատարում են իրենց աշխատանքը: Գրադարանի աշխատողները բոլոր դասագրքերը ստացել են, ժամանակացույցով առանձնացնում են, դասղեկները հերթով ստանում, դասավորում են, որ արդեն ծնողների միջոցով հասցնենք աշակերտներին»:
Գրիգորյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք ծնողների կողմից դժգոհություն կա՞՝ կապված դասասենյակում պարտադիր դիմակ կրելու պայմանի հետ.
«Ճիշտն ասած, ծնողների հետ դեռ կոնտակտի մեջ չենք մտել, տեղյակ չենք, թե ինչ արձագանք կլինի»:
Տնօրենի պաշտոնակատարից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք բավարա՞ր են շենքային պայմանները, դասասենյակները, որպեսզի դասարանները կիսվեն.
«Մեր դպրոցը երկհերթ է, բայց, բացի դա էլ՝ ուղեցույցում բավականին խելացի լուծումներ կան՝ 2-3 տարբերակ է առաջարկված, կուսումնասիրենք, կտեսնենք, որ տարբերակը մեզ հարմար է, նա էլ կընտրենք»:
Նշենք, որ շատ ծնողներ ահազանգում են, որ թույլ չեն տալու իրենց երեխաներին դպրոց հաճախել, քանի որ դասասենյակներում մի քանի ժամ դիմակների պարտադիր կրումը վտանգավոր է երեխաների առողջության համար: Այս խնդրի մասին նաև մասնագետներն են պարբերաբար բարձրաձայնում: